Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յուր անունը անմահացնելու համար կը փափաքեր հռովմեական հայերուն բարություն ընել, այնպես վարվելով անոնց հետ, ինչպես կը վարվի կոշկակար մը իր աշակերտին հետ։ Ժողով կը կազմեր Պելկրատի անտառներուն մեջ, ուր թեպետև կ'երթար օդ փոխելու, բայց նախագահը փոխելու համար աշխատելե ետ չէր մնար։ Անտառային ժողովի մեջ որոշվեցավ օր մը և գրվեցավ Բրոբականտային թե Մարուշ նախագահը ծեր էր, տկար էր, անդամալույծ էր, անկար էր. և վերջապես էր ինչ որ կ'ուզեր Հասունյան ընել զայն, և թե՝ օգնիչ եպիսկոպոսի մը կարոտ էր։ Արդարև նախագահը ծեր էր, բայց քանի որ յուր պաշտոնը վալս պարել չէր՝ յուր ծերութենեն վնաս մը չէր գար ազգային իրավունքներուն։ Բրոբականտան հավատք ընծայեց իրեն ղրկված գրության և Հռովմ կանչեց Հասունյանը, որ 1842-ին հասավ հոն — առանց այս ուղևորությունն ազգին հաղորդելու և անոր հավանությունն առնելու — և օգնիչ եպիսկոպոս ձեռնադրվեցավ:

1842 սեպտեմբեր 21-ին Պոլիս դարձավ։ Հեղեղի պես արցունք կը վազեր յուր աչերեն, երբ կը տեսներ, որ կը շատնային Պատրիարքին վրա գանգատներն, որոնք յուր գործարանեն կ՝ելնեին, սիրտը պատառ-պատառ կ'ըլլար՝ երբ կը դիտեր, որ աղեկ չէին երթար ազգին գործերը, զորս ինքը կը խառներ. կոլլար, կ՝ողբար և կը հառաչեր, որ պատրիարքական իշխանությունը ձեոք անցունե և ժողովրդյան վերքերը դարմանե։ Յուր ողբերը մինչև Արամազդա քիթը բարձրացան, փռնգտաց աստվածներու հայրը․Պատրիարքն յուր աթոռեն վար գլորեցավ Հասունյան բարձրացավ պատրիարքական աթոռին վրա հով, անձրև, կարկուտ, փոթորիկ անմիջապես հասան, շատ մը տուներու ապակիներն փշրվեցան, մեծ ծառեր արմատախիլ եղան, քանի մը տուներ կործանեցան:

1845-ին պատրիարքական աթոռին վրա ելնելեն ետքը, ուզեց, ազգին լավ ծառայելու համար, նախագահական իշխանությունն ալ յուր վրա առնել։ Ուստի սկսավ նախագահին դեմ գանգատներ բազմապատկել և ըսել․ նախագահը ցնդած

109