Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


է, անկարող է իշխանությունը գործածել։ Գեր․ Մարուշն օդափոխության համար Պիլեզիկճի Պողոս աղային տունը կը գտնվի օր մը։ Հասունյան իմանալուն պես ժողվեց իր մարդերը, հիշյալ տունը գնաց և նախագահը պաշարել տալով՝ ըսավ իրեն․

— Դուն ծեր ես, ցնդած ես, անկար ես, ուստի քեզի հանձնված հոգիներու փրկությանը համար, եկեղեցիին շինությանը համար, պայծառությանը համար, անպատճառ հիմա նախագահութենեդ հրաժարելու ես։

Ահա առաջարկության ձև մը, որուն մեջեն, եթե նախագահություն բառին տեղ քսակ բառը դնենք, ճիշտ այն ձևը կ’ունենանք, որով առաջարկություն կ’ընեն մեզ քանի մը զինված մարդեր, երբ լեռներու մեջ հանդիպին մեզի։ Ծերունին այս առաջարկության վրա անբարբառ անոնց երեսը նայեցավ և երբ դուրս ելավ՝ նավակ մը մտավ, նավակին մեջ կաթված իջավ և քանի մը օրեն վախճանեցավ… ի փրկութիւն հոգւոյ, ի շինութիւն և ի պայծառութիւն եկեղեցւոյ տեառն մերո Հասունյանի; Հուղարկավորության հանդեսին օրը, երբ Հասունյան ս. պատարագ կը մատուցաներ և ահա սարկավագներն խորանի վրա Հասունյանը նախագահ կ’ընտրեն և կը հռչակեն երգելով ևս առաւել գարճիեպիսկոպոսն մեր զտէր Անտոն նախագահ և այլն: Եվ որովհետև Բ. Դռնեն հրամանագիր ղրկված չէր սարկավագներուն հայտարարող, թե նախագահ ընտրելու իրավունքն սարկավագներու տրված է՝ եկեղեցական և աշխարհական կը հուզվին եկեղեցիին մեջ այս նոր ընտրության վրա և 1848 օգոստոս 6-ին Հիսուս Փրկիչ մայր եկեղեցվո մեջ ընդհ. ժողով կը գումարվի։ Կը հարցվի ժողովո մեջ գեր. Հասունյանին, թե որո՞ւն ընտրությամբն նախագահ եղած է, Հասունյան ձեռները շփելով կը հրամայե երկյուղածությամբ, որ Հռովմեն իրեն տրված կոնդակը կարդացվի։ Կոնդակը կը կարդացվի լատիներեն լեզվով. ժողովականներն իրարու երես կը նային:

— Մենք լատիներն չենք հասկնար, գերապայծառ, կ’ըսեն ժողովականք։

110