Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1857-ին հոգևորական իշխանության համար տերութենեն պերաթ ընդունեց, որով իրավունք ստացավ իր ձեռնադրած եպիսկոպոսներն ոլղած տեղը ղրկել, առանց ազգային իշխանության հարցնելու։ Այս պերաթի խնդիրն ազգը տակնուվրա ըրավ։ Ամեն անիրավություն կ'ըներ, կ'ըսեին, և երբ Բ․ Դուռը բացատրություն պահանջեր՝ այդ գործը հոգևորական է, ինձի կը վերաբերի, կր պատասխաներ։

Հասունյան քսան տարի վանականներու և ազգին դեմ մաքառելե ետքը, ուզեց որ Կիլիկիո Տան աթոռն Պոլսո աթոռին քով դնե, միացնե զանոնք և երկու աթոռներուն վրա նարտ մը դնելով յուր ժողովրդյան հետ խաղա և զվարճանա։ Կիլիկիո Տան կաթողիկոսն բանակցության մտավ Հասունյանի հետ, որ լռեց, երբ տեսավ թե հակառակ սկգբունքներուն վրա պիտի հիմնվեր այս միությունը։

1865 դեկտ․ 23-ին հոգին կը փչե Կիլիկիո պատրիարք Գրիգոր կաթողիկոսը․ 1865 դեկտ․ 28-ին նոր հոգի կ’առնե Կ․Պոլսո նախագահ Անտոն Հասունյան։ Վանականներն իրենց սահմանադրության համեմատ անմիջապես գաղտնի քվեարկությամբ տեղապահ կ’ընտրեն Դավթյան Սերովբե վարդապետը։ Նախագահ արքեպիսկոպոս Գասպարյան Բարսեղ անպատվություն սեպելով իրեն վրա պարզ վարդապետի մը տեղապահ ընտրվիլը՝ անմիջապես պետք եղած տեղերը կը դիմե և Երուսաղեմա լատին պատրիարք մոնսինյոր Վալերկայի ազդեցությամբ և մեկու մը ձեռամբ Դավթյան վարդապետը հսկողության ներքև կը բանտարկվի, սա հանցանքով, թե ինչո՞ւ միաբանները իրեն շատ քվե տված են։ Հասունյան ամեն ճիգը թափելով կաթողիկոս կ'ընտրվի, միշտ կրկնելով՝ թե «եթե հանգուցյալ կաթողիկոսին իրավունքներեն Հռովմ փոքր փոփոխություն մը ընել ուզե, բնավ հանձն չեմ առներ կաթողիկոսությունը․ աստված մի՛ արասցե, իմ նախագահությունս ինձի բավական է»։ Ասոր վրա կ’ելնե Հռովմ կ’երթա յուր կաթողիկոսությունը հաստատել կուտա և ետ կը դառնա Ռեվեռսուռուսով մը, որ հռովմեական հայերը ամեն իրավունքներե կը զրկեր։

115