Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փափազյան, որ աշխարհ գալեն ավելի կը փափաքեր Ղալաթիո խորհրդարանը գալ, որպեսզի հոն ամուր դիրք մը բռնելով' ղյուրությամբ կարենար պատշպանել ազգային շահերն, որոնց մեջ ինքն ալ խոշոր շահ մը ուներ, անշուշտ իբրև ժողովրդյան խոշոր մեկ անհատը, Փափազյան, կ’ըսեմ, ջանաց առջի բերան քիչ մը բարեփոխել այս որոշումն․իսկ երբ համոզվեցավ, որ անկարելի էր' հավանեցավ Խասգյուղ գալ 1839 թվականի նոյեմբեր ամսուն մեջ։

Այս տղան ծնելուն պես թմրության մեջ ինկավ․ կենդանության նշան մը չէր երևար իր վրա և մանկաբարձն պատրաստվելու վրա էր վերջին բառն ըսելով հայտնելու, թե մեռած է, երբ հանկարծ կը տեսնե, որ անոր լեզուն կը շարժի։ Այս լեզուն, որ քանի շարժեր կը մեծնար, երեք վայրկյանի մեջ մայր եկեղեցվո ավագերերին հողաթափին չափ մեծցավ։ Ներկա եղողներն ապշած իրարու երես կը նայեին, երբ զարմացմամբ տեսան, որ երախային լեզվեն գեղեցիկ տղա մը կը ծներ։ Մանկաբարձը նախ կը սոսկա, բայց հետո հիշելով, որ Ադամա կողեն կին ստեղծող ամենակարողն չտկարանար Փափազյանի լեզվեն ալ էակ մի լույս բերել, կը վանե սոսկումն, կը գրկե լեզվածին մանուկն և խանձարուրի մը մեջ կը փաթաթե զայն։ Ավելորդ է ըսել, որ ժողովրդականություն էր այս լեզվածին և գրավիչ մանկան անունը, քանի որ ազգին մեջ առած դարձած է այն խոսքը՝ թե ժողովրդականությունը Փափազյանե ծնունդ առած է: Չեմ կարծեր, որ գտնվի մեկն այսօր և ինձի հարցունե, թե ինչո՞ւ Ադամա կողեն Եվա և Փափազյանի լեզվեն ժողովրդականություն ծնավ․ վասն զի ամենքս ալ գիտենք, որ մարդս ինք իր գլխուն տկար էակ մ’է և անպատճառ ընկերի պետք ունի։ Ադւսմ կնկան մը պետքն ուներ, ստացավ զայն կողեն․ Պրահմա քահանայի, պատերազմողի և արհեստավորի պետքը կ’զգար, ստեղծեց զանոնք՝ իր գլխեն հանելով առաջինը, բազուկեն քաշելով երկրորդը, ոտնեն առնելով երրորդը․Փափազյան ժողովրդականության համար կը հառաչեր, ընդունեց զայն յուր լեզվեն։ Մոռնալու չէ, որ ապրելու համար ամեն մարդ իրեն ընկեր մը ստեղծելու հարկին

118