Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուխտ ըրավ, որ Ղալաթիո խորհրդարանեն դուրս չելնե և հոն, միայն հոն ծառայե ժողովրդյան։ Այս ուխտով կարծես հասկըցնել ուզեց, թե պատրաստ է ազգին շահերուն պաշտպան կանգնիլ, որչափ ատեն որ իրենները չվնասվին։

1870-ին Ազգային ժողովո երեսփոխան ընտրվեցավ և ձախակողմյան կուսակցության գլուխ եղավ։ Կը փափաքեր, որ ամեն օր ուրբաթ ըլլար, որպեսզի ժողով գումարվեր և երթար յուր լեզվին հանճարը ցույց տար։ Շատ գիշերներ քնույն մեջ քվե, քվե կը պոռար այնպիսի ձայնով մը, որ դրացիներուն քունը կը խռովեր։ Գիշեր կամ ցերեկ ուր որ փոքր զանգակի մը ձայն լսեր՝ իսկույն Երեսփոխանական ժողով կը վազեր։ Օր մը բացակա եղած չէ, միշտ որոշյալ ժամուն ներկա կը գտնվեր, և եթե ընկերներն եկած չըլլային՝ յուր աթոռը մեջքեն չվանով մը կապելով դուրս կ'ելներ, որպեսզի ուրիշ մը չհափշտակե զայն։ Մեծամասնության գործած հրաշքներն հիշելով, երանի կը կարդար իր կատվին՝ որուն կ’ըսեր․

«Կատու, դուն ինե զորավոր ես․եթե երեսփոխան ըլլայիր՝ չորս ձայն պիտի ունենայիր, մինչդեռես երկու ձայն ունիմ»։

Նախատեսած ըլլալով, որ հարյուր քսան երեսփոխաններու մեջ քսանին կարծիքն իրենց գլխուն մեջ է, իսկ հարյուրին կարծիքն իրենց ձեռներուն մեջ՝ գլուխի տեղն ձեռն կը փընտռեր, և եթե բավական չգտներ, հիվանդանոցներ կ'երթար և բժիշկներուն կը պատվիրեր, որ եթե կտրվելու ձեռներ կան՝ չնետեն զանոնք, այլ իրեն ծախեն։ Իր նպատակին հասնելու համար ժողովրդականությունը կ'առներ բերանն և այնպես կը մտներ Ժողովը։ ժողովրդյան շահերն, ժողովրդյան իրավունքներն թև թևի տված կը շրջեին յուր ատենաբանություններուն մեջ, որոնք հաճախ կը ծափահարվեին ժողովրդեն և երբեմն ալ ժողովրդյան շահերեն։ Անուշ ապուրն առանց չամիչի եփելն ժողովրդյան շահերուն վնասակար կը համարեր և երբ երեսփոխան մը զինքն ընդմիջեր ժողովրդյան իրավունքներն օտարի կը մատնվեին։ Քանի մը տարիներ շարունակ կռվեցավ աջակողմյաններուն դեմ այն եղանակավ, որ Երեսփախանական ժողովեն դուրս հակառակասիրություն կը նշանակեր։ Իր

125