Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկզբունքն էր, սպիտակ ըսել այն բանին, զոր սև կ'անվանե աջակողմն, որուն մեջ կային նաև էֆենտիներ, որոնցմե յուր կուսակցության մեջ ալ կը գտնվեին։ Ւնչ որ էֆենտիներուն հակառակ էր, ազգին շահերուն համաձայն էր․իսկ երբ հարկ եղավ վերջերս Ազգային ժողովեն դուրս գործել, ձախակողմյաններուն քով պատիվը քիչ մը կոտրեցավ, վասն զի աջակողմյան էֆենտիներուն հարեցավ և չհասկցվեցավ, թե առաջ բարի էր և էֆենտիներուն հարելով՝ չար եղավ, թե չար էր և էֆենտիներուն միանալով՝ բարի եղավ։ Զինքը սուրբերու քով դասող թերթերն չվանով մը սատանաներու բնակարանը իջեցուցին զինքը և անոնք, որ Մեփիստոփելի ընկեր կը ճանաչեին զինքը, երկինք բարձրացուցին զայն․իսկ մենք առանց այս կամ այն կողմ միտելու՝ աթոռ մը տվինք իրեն, որ նստի սատանայի և սուրբի մեջտեղը և ինքն ալ ընդունելով մեր ընծայած աթոռն՝ գնաց նստավ Պերլին գացող երկու պատվիրակներու մեջտեղը։

1872 թվականին անդամ ընտրվեցավ Քաղաքական ժողովո այն պատրիարքին օրով, զոր Ժամանակավ Հրեշտակ Հայաստանի կը հռչակեր աշխարհի։ Յուր բոլոր ուժովը հալածեց և ստիպեց Հրեշտակն յուր հրաժարականը տալ․Հրեշտակն տվավ իր հրաժարականը, Փափազյանինն առնելեն ետքը:

Այս անձն ազգային ժամանակակից կենդանի պատմություն մ'է, չկա դեպք մը, որ իրեն ծանոթ չըլլա։

Փափազյան գիրուկ և գեղեցիկ մարդ մ'է. եթե կին ըլլար՝ չորս կողմը բուրդ Թխմելու պետք չպիտի ունենար։ Փորը ոչ նվազ մեծ է այն համբավեն, զոր կը վայելե իբրև գործող մարդ։ Գրպաններուն մեջ անպակաս են ծրագիրներ, կանոնագիրներ և ուրիշ շատ մը թուղթեր, զորս կը սրբագրե։ Յուր դեմքը տեսնողը կը կարծե, թե դրամական սաստիկ տագնապի մը մեջ գտնվելով՝ յուր ամենեն մտերիմ բարեկամներեն մեկուն դիմած է այն հույսով, որ մեկ խոսքով երկու հարյուր ոսկի պիտի կրնա առնել իրմե, և, երբ յուր առաջարկությունն ըրած է՝ հետևյալ պատասխանն ընդունած է իր բարեկամեն․

— Եթե կ'ուզեք որ մեր բարեկամությունը հաստատ մնա՝ կը խնդրեմ, որ ասանկ առաջարկություններ չընեք ինձի։