Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր պուետ ըլլալը հաստատելու համար վկա մը փնտռած է և չէ հաջողած գտնել մինչև այսօր։

Ւննամսյա առանձնակեցությունն այնքան սիրեց, որ սենյակին մեջ կիներու բազմությունը տեսնելով կը դժկամակեր ի լույս գալ։ Ոչ միայն ընկերութենե չախորժելուն համար, այլ յուր ճաշակին համեմատ բարձր դիրք ունեցող և ծովահայաց տուն մը գտնելու դժվարությունն զգացած ըլլալով, կը փափաքեր միշտ արգանդաբնակ մնալ։ Սակայն նկատելով, որ բնության օրենքներուն դեմ համաոիլն անօգուտ էր, հաճեցավ ծնիլ։

Խաչիկ մարմնով այնքան շուտ կը մեծնար և կ'աճեր, որ երեք ամսու եղած ժամանակն անբավելի էր մեկ օրորոցի։ Կը խաբվեր մանուկն, կարծելով՝ թե մարդուս անունն ալ անոր մարմինին պես դյուրությամբ կրնա մեծնալ և Եպիմենիդեսի պես հիսունյոթն տարի քնանալով մեծ անունի տեր ըլլալ։ Ծնողքն երկու օրորոց քովե քով դրին, որուն միուն մեջն էր Խաչիկի գլուխն և մյուսին մեջ մարմինը։ Այս մեծ տղան խանձարուրի մեջ հասկցուց յուր մորն, թե բանաստեղծության կոչված է և թե ժամանակ չունի տրամաբանության երթալու։ Երբ մայրն օր մը ոտանավոր օրորով մը տղան քնացնելու կ'աշխատեր՝ Խաչիկ մեկեն ի մեկ մորն երեսն ի վեր պոռաց, թե ոտանավորեն վանկ մը կը պակսեր և չքնացավ մինչև որ մայրը համոզեց զինքը, թե երգած ոտանավորը կաղ էր։

Վեց տարեկան ըլլալուն պես Սկյուտարու վարժարանը ղրկվեցավ, ուր ինը տարի շարունակ աշխատելով կատարելապես սորվեցավ Քերականն, Սաղմոսն ու Գործք Առաքելոցը: Զարմանալի էին այն ատենվան վարժարաններն, որոնց մեջ աշակերտ մը յուր գործերուն խելք չհասուցած՝ առաքյալներու գործերուն վրայոք տեղեկություն կ'առներ։ Միսաքյան վարժարանեն ելնելուն պես սկսավ տուներու մեջ այցելությամբ դասախոսություն ընել։

1839-ին դասատվության պաշտոնով ճեմարան մտավ։ Հոն շարունակ կը կարդար Հոմերոսն, Վիրգիլիոսն, Օվրատիոսն, Օվիտիոսն և այն ամեն քերթողներն, որոնց անուններն

128