Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ճեմարանի աշակերտներուն դաս տալու տեղ սկսավ ապտակ տալ։ Բնավորություն ուներ ճաշեն առաջ տղա մը ծեծել ամեն օր․ և ամեն անգամ, որ տնտեսը վարեն մեղա վարժապետի ձայնն առներ՝ Միսաքյանի կերակուրը պատրաստեցեք, կ'ըսեր։

Ճեմարանի գոցվելեն քանի մը տարի ետքը, քանի մը տղա տվին իրեն, ոչ թե զանոնք ծեծելու, այլ հետը Բարիզ տանելու և դպրոց դնելու համար։ Միսաքյան առավ զանոնք, Բարիզ տարավ և տեղավորեց, ինքն ալ սենյակի մը մեջ քաշվելով սկսավ տքնիլ։

1860-ին խնդիր ծագեցավ ազգին մեջ, թե Երուսաղեմա պատրիարքն ներսե՞ն ընտրվելու է թե դուրսեն։ Միսաքյան, որ սենյակեն դուրս ելած չուներ՝ բնականաբար դուրսին վրա գաղափար չէր կրնար ունենալ, ուստի Երուսաղեմա պատրիարքության խնդիրն յուր սենյակին տեսակետով ըմբռնելով՝ կարծիք հայտնեց, թե ներսեն ընտրվելու է։

Նույն թվականին էր, որ Միրիքելամի խնղիր մը ելավ՝ բողոքականի մը հայերու գերեզմանատան մեջ թաղվելու խնդիրը։ Հիշյալ բողոքականին մարմինը Պալըգլըի գերեզմանատունեն հանվելով բողոքականներու հատուկ գերեզմանի մը մեջ թաղվելեն երկու ամիս ետքը՝ Միսաքյան Բարիզեն կարծիք հայտնեց, թե այդ մարդը հայ գերեզմանատան մեջ մտնելու իրավունք չունի, թե գերեզմանատունը եկեղեցի մ'է։ Այն ատեն մեծ համբավ հանեց այդ հոդվածն, որ համոզելու նպատակավ գրված էր անշուշտ և որուն մեջ ներկա էր նաև զվարճախոսությունը, զոր անխտիր ամեն գրություններուն մեջ կը գործածե այս գրագետն․․․ թերևս դամբանականներուն մեջ ալ․ իսկ երբ այս տարի ամեն․ Ներսես պատրիարքն բողոքականի մը մարմինն Վանա մեջ թաղել տալով անոր գերեզմանն արձանով մը պատվեց, անշուշտ լռելյայն հասկըցուց մեզի, որ մենք ալ նույն պատիվն ընենք Միսաքյանի այն հոդվածին։

Ազգին մեջ մեծ անուն հանելու փառասիրությամբ արբշիռ՝ ուզեց Միսաքյան Ծաղկոցաձոր անունով հանդես մը

131