Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրատարակել Բարիզեն։ Նախ հայտարարություն մը հանեց, որ ուրիշ բան չէր, եթե ոչ ընտրված բառերու փունջ մը։ Այս հայտարարությամբ կը ծանուցաներ, որ հանդես մը պիտի հրատարակեր և յուր ընթերցողներուն լուսանկարության արվեստն պիտի ուսուցաներ։ Հասարակությունն, որ Միսաքյանե լուսանկարության տեղ ուրիշ բան մը սորվիլ կը կարծեր, հարկ եղած ընդունելոլթյունն զլացավ անոր և հետևապես ծաղիկները ձորի մեջ նետվեցան, թառամեցան։ Բայց Միսաքյան չվհատեցավ, լուսանկարության արվեստն առաջ տարավ, որչափ որ կը ներեր յուր սենյակն, որու վերի հարկը կը բնակեին աստղերը։ Իրեն այցելություն ընող ամեն հյուրերուն օձիքեն կը քաշեր, աթոռի մը վրա կը բազմեցուներ և անոնց պատկերը կը հաներ։

Այն ատեններն էր, որ Հինձքի եղեռնագործությունը տեղի ունեցավ։ Մասիս, Մեղու և Մանզումե ուժգնությամբ կ'արձակեին իրենց նետերն Մենմուայի դեմ, որ եղեռնագործներն կը պաշտպաներ։ Միսաքյան ինքզինքը վիրավորված կարծեց, երբ տեսավ, որ առանց իրմե հրաման առնելու ազգային լրագիրներն արդարությունը կը պաշտպանեին․ուստի Բարիզեն պատգամ որոտաց, թե լռեն ազգային լրագիրները և թե ինքը պաշտպան պիտի կանգնի այդ դատին։ Մեղու հանդգնեցավ ծաղրել Միսաքյանի այս հրամանն և հետևյալ օրհնության կոնդակն ընդունեց յուր վարժապետեն․

«Եթե Մեղուի պես ուրիշ աշակերտներ ալ ունինք, կը փափաքինք, որ անոնք Կյուբեղեի առջինեկներուն և կամ Բեթղեհեմի զավակներուն հետ մեկտեղ ծնած ըլլային»։

Այս կոնդակն, ինչպես հայտնի է, կը փափաքեր, որ Մեղուն և իր նմանները գետնին տակն անցնեին։

Այս աղոթքն ընելեն ետքը, առանց խնդիրն փաստաբանելու սկսավ Մենմուայի դեմ պաշտպանել ազգային լրագիրներն, որոնք բնավ պետք չունեին յուր՝ պաշտպանության։ Հիշյալ գրություններն Տքնությունք Հայրենասիրի տիտղոսով տետրակի մը մեջ ամփոփված են, և որոնք բարձրաձայն կ'աղաղակեն, թե Միսաքյան լոկ խոսքերու վարսավիրա մ'է,

132