Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՒՔԻԱՍ ՔԱՋԱՆՃՅԱՆ

Ահա ջոջ մ'ալ, որու ծննդյան թվականը մեզի մութ է։

Եթե մեր քաղած տեղեկություններուն պետք է հավատք ընծայել՝ կան ըսողներ թե Սուքիաս Քազանճյան ծնած է Միջագյուղ, սատանայեն երկու օր առաջ, թեպետև կարծողներ ալ կան թե չորս օր ետքը ծնած է։ Լա՛վ․ բայց սատանայի ծննղյան թվականը ո՞րն է։ Եթե Քազանճյանին ծննղյան թվականը գտնաս, կ'ըսե Հասունյան, գոնե մտքեն, սատանայինն ալ գտած կ'ըլլաս։ Մենք, մեր սովորությանը համեմատ, առանց ականջ կախելու ամեն զրույցներու՝ ամենեն հավանականն ընդունելով կը գրենք, որ Հասունյանի մորաքրոջը տղան ծնած է Միջագյուղ, 1820 թվականին, որ շատ կը հարմարի յուր դեմքին, թեպետև քիչ կը վայլե իր եռանդին։ Եթե Անտիոքա արքեպիսկոպոսն չուզեր ընդունիլ այս թվականն՝ ուրիշ մը տալու համար ընդդիմություն չենք ըներ, բայց քանի որ դեմքին հարմարեցավ, կը կարծենք, որ այս թվականավ գոհ կ'ըլլա։ Կը կարծենք, և կը կարծեք թե կարծելու փաստ չունի՞նք։ Չե՞նք տեսներ ամեն օր կիներ և օրիորդներ, որ երբ Բերա ելնեն իրենց գլխարկ մը առնելու, միշտ նախապատվություն կուտան այն գլխարկին, որ ավելի կը վայլե իրենց դեմքին։ Թվականներու հետ ալ այնպես վարվելու չե՞նք, ինչպես կը վարվի գեղեցիկ սեռը գլխարկներու հետ․ վաթսուն տարեկան մարդու մը քառասուն տարին քիչ կուգա, երեսուն տարեկան մը հիսունը չի կարող տանիլ։ Գոհ եմ որ մարդու մը, մանավանդ ուսումնականի մը կ’ուղղեմ այս խոսքերը, եթե կնկան մը խոսեի' սոսկալի վեճ մը կը ծագեր և անեծքներու ներքև կը ճնշվեի: Բայց թողունք այս

138