Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


խորհրդածություններն և գուշակություններն ու դառնանք մեր նյութին։

Որոշ չգիտցվիր թե ի՛նչ կյանք ունեցավ այս մարդն ծնելեն առաջ։ Այսչափ միայն կ'ավանդեն, թե մորն արգան- դին մեջ բնավ հանգիստ չէր մնար․ եթե օր մը աջ կողմը բնակեր՝ հետևյալ օրը ձախ կողմ անցնելու համար ճամբա կ’ելներ․ կարծես Պոլիսեն Հռովմ, Հռովմեն Պոլիս կ'երթար։ Իսկ ծնելեն վերջը ունեցած վարքն ամենուն հայտնի Է։ Ի բնե խիստ քաղաքավար ըլլալով և ոչ մեկ օր մը լալով ուրիշներն անհանգիստ ըրած չէ։ Բարձր ձայնով կուլար դառնապես այն օրերն՝ ուր Հասունյան այցելության կ’երթար յուր մորաքրոջը տղուն։ Հասունյանի ներկայութենեն չէ՞ր ախորժեր․ հավանական է․ բայց հավանականա գույնը սա է, որ Հասունյան երբ օրորոցին կը մոտենար և Օննիկ, Օննիկ ըսելով կը շոյեր Հովհաննեսն, այս է Քազանճյանի մկրտության անունն, գաղտնապես կը կսմթտեր մանուկն։ Անոնք, որ Հասունյանը մոտեն ճանաչելու դժբախտությունն ունին՝ պիտի հաստատեն անշուշտ, թե զրպարտություն չենք ըներ։

Երբ ութը տարեկան եղավ՝ գյուղին վարժարանը գնաց և քանի մը տարիներ մնաց հոն, միշտ հառաջադեմ հանդիսանալով ամեն դասերու մեջ։

1835-ին գնաց Հռովմ, ուր Անտոնյաններու վանքը մտավ․ ինչպես կը մտնե մարդ ճաշարան՝ երբ բարեկամներեն մեկն ըսե․ եկուր քեզի պատվական ճաշ մը ընել տամ այսօր: Հոն երեք տարի շարունակ աշխատելով՝ կատարելապես ձեռք բերավ աստվածաբանությունը, զոր շատ գործածելու առիթ չունեցավ։ Հռովմա ուսումնարաններուն մեջ ալ քանի մը տարի կարդալեն ետքը, լրացուց յուր ուսման ընթացքը, որ ավելի կանոնավոր էր քան այն ընթացքն, զոր բռնած էր Հասունյանի խնդրույն մեջ։ Աշակերտության հրաժեշտ տալուն պես միաբան գրվեցավ Անտոնյան ուխտին, որուն այսօր միաբան գրվելու համար մեկը գոնե շաբաթ մը անոթի մնալու վարժված ըլլալու է։

139