Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ առաջնորդություն ընելը։ Զմյուռնիան ոչ միայն ընտրեց այլ հրավիրակներ ալ ղրկեց; Ընտրությունն ալ, հրավիրակներն ալ քաղաքավարությամբ վռնտեց։ Տիգրանակերտն արունեցավ Զմյուռնիո հիմարությունը, և անոր պես յուր պատիժը կրեց։ Ամենեն վերջը Ռոտոսթոյեն հրավիրվեցավ, որ իբրև հովիվ հոգևոր, արածե զիրենք. Խորեն եպիսկոպոս ընդունեց Ռոտոսթոն, բայց ծանր պայմաններ առաջարկեց, որ Ռոտոսթոն չուզե զինքը, օրինակի համար, այնպիսի ճամբու ծախք մը առաջարկեց, որով Ռոտոսթոյի բոլոր ազգայինները կրնային հոս փոխադրվիլ։ Հարկ չէ ըսել թե Ռոտոսթոն ալ ստիպվեցավ Զմյուռնիո և Տիգրանակերտին պես, ուրիշ առաջնորդ ընտրել իրեն։ Հիշյալ երեք քաղաքներն կը պարծին այսօր Խորենն իրենց առաջնորդ չունենալուն վրա։

Տեղեկանալու համար այն վավերական աղբյուրներուն, որովք անժխտելի կերպով հաստատված է այսօր թե Խորեն նար-Պեյ Լուսինյանե սերած է, պետք է ներկա գտնվիլ այն գեղեցիկ արքայական երազին, զոր պատիվ ունեցած է տեսնել Խորեն եպիսկոպոս 1870ին։ Այդ երազին մեջ Նար-Պեք Լուսինյան կը ներկայանա Խորեն եպիսկոպոսին և անոր կ'ըսե. «Ես եմ Նար-Պեյ Լուսինյան, որ 1798-ին Կիպրոսի տաճիկներու հարստահարություններեն փախչելով՝ Եգիպտոս գացի և Նափոլեոնեն մեծ պատվով ընղունվեցա։ Դու ինե սերած ես, շո՛ւտ ըրե ե՛լ, հագվե' և մականունդ փոխե»։ Մենք բնավ կասկած չունինք ասոր ստուգությանը վրա։ Շատերը արդեն այս երազին ներկա գտնված ըլլալուվ՝ իբրև ականատես վկա կը պատմեն, մինչև իսկ կը նկարագրեն Նար-Պեյ Լուսինյանի կերպարանքն, որով երևցած է երազի մեջ, Խորենին։ Իբրև զորավոր փաստ ուրիշ ի՞նչ պահանջելու իրավունք ունինք, միթե Մասիս, Թերնիմանը էֆքյար և Լրագիր օրագիրներն չհրատարակեցի՞ն զայն արժանահավատ աղբյուրներե քաղելով։ Բայց ի՞նչ օգուտ, մարդիկ որչափ ալ բարձրանան, նորեն բարձրանալ կը փափաքին. Խորեն եպիսկոպոս ալ, իբրև մարդ, քանի մը տարիներ Նար-Պեյով շատանալե վերջը ողեց, որ Լուսինյան ալ Հորջորջվի, նման այն ավազակին, որ 14