Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1842-ին Փափազյան Իգնատիոս եպիսկոպոսեն քահանա ձեռնադրվելով՝ Հովհաննես անունը թողուց և Սուքիասն առավ։ Թեպետ և այսօր եթե ետևեն երթաս և հայր Հովհաննես կոչես՝ իսկույն ետևը կը դառնա։ Այն թվականեն սկսավ Հռովմ, Անտոնյաններու վանքին մեջ դասատվություն ընել, աբեղաներու և նորընծաներու վրա hսկել և ժամանակ ունենալ երբեմն երբեմն Բրոբականտայի ներկայանալով՝ փաստաբանորեն պաշտպանել այն դատերն, որ Լիբանանու կաթողիկոսներու դեմ կ'ըլլային։ Եթե այս պաշտոններուն վրա Հարյուր պաշտոն ևս ավելցվեր՝ սիրով պիտի ընդուներ։

1853-ին եկավ Պոլիս։ Ինքզինքը ժողովրդյան սիրելի ցույց տալու արհեստն աստվածաբանութենե շատ աղեկ ուսած ըլլալով՝ քիչ ատենի մեջ Ժողովրդյան համակրությունն իրեն գրավեց։ Նիկողայոս պատրիարքն կոչեց զինքն Պատրիարքարանի ատենադպրության պաշտոնին, զոր քանի մը տարիներ վարեց միշտ Հասունյանի հետ գաղտնի մրցելով՝ պատրիարքին վերարկուին ետևը պահվըտած։

1860-ին երբ հիվանդ ինկավ Կակոնյան պատրիարքն՝ հայր Սուքիաս սկսավ անոր պաշտոնը վարել իբրև խորհըրդական. քանի առաջ կ'երթար պատրիարքին հիվանդությունը, այնքան կը հառաջանար նաև հայր Սուքիասի փառասիրությունն։ Իսկ երբ 1861-ին Կակոնյան վախճանեցավ՝ ինքն ալ Պատրիարքարանեն հեռացավ և առանձնության մեջ կ'անցուներ կյանքը։

1864-ին մշտնջենավոր աբբահայր ընտրվեցավ Անտոնյան Միաբանության և միանգամայն առաջնորդ Անտիոքա վիճակին։ Միաբանության սահմանադրությունը կը տրամադրեր, որ աբբահայրն ծայրագունության աստիճան ունենար, բայց Քազանճյանի սահմանադրությունը արքեպիսկոպոսության աստիճան ուզելով հաղթանակը տարավ և երկու հարյուր տարվան Միաբանության մը կանոնադրությունը փոխելով՝ Անտիոքա արքեպիսկոպոս տիտղոսով Միաբանության գլուխը նստավ։ Ձեռնադրությունը Լիբանան կատարվեցավ։ Աբբահայրության աթոռին վրա բազմելուն պես՝ սկսավ օրը

140