Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղրկեց, որուն մեջ Քազանճյանի փաստերը զորավոր նկատված են։ Ամեն շաբաթ թղթատուն կը վազե, որպեսզի նամակն և չորս միլիոն ոսկիի փոխանակագիրն ընդունի և ամեն շաբաթ ունայն ետ կը դառնա։ Քազանճյան Հասունյանի ձեռքեն հափշտակած է այս գործն, սկզբնապատճառ այն հակառակության, որ կը տիրե մինչև այսօր երկուքին մեջ։ Մենք խեղճերս երբեմն այնպես կը հավատանք, որ այն կրոնավորներն, որ Հասունյանի հակառակ են՝ ազգին իրավունքները պաշտպանելու ազգասիրութենե առաջնորդված են․ բայց երբ գործին քիչ մը խորը քննենք՝ կը տեսնենք, որ մեջեն կամ ագարակի խնդիր կ'ելնե կամ ժառանգության դատ և կամ այնպիսի խնդիր մը որ ուղղակի իրենց քսակին հետ վերաբերություն ունի, և ազգին շահերուն հետ բնավ գործ չունի։ Այսպիսի անձերուն եթե մեկ անիրավությունը տեսնես և իրենց ըսես՝ Ռեվերսուրուսը պաշտպանած կ’ըլլաս․ իսկ եթե հաշիվ հարցնելու ըլլաս՝ իբրև Հռովմա գործիք կ’ամբաստանվիս։ Որո՞ւ պիտի հասկցունես իրավունքներդ։ Փութանք հայտնել, որ եթե Հայր Քազանճյան այդ գումարն ընդունի՝ անոր համար ըրած ծախքերն և նվերներն, այսինքն երկու միլիոնը, իրեն աշխատության վարձք հանելով՝ մնացածը հետևյալ կերպով ազգին պիտի նվիրե։

«Ա․ Վարժարան մը պիտի կանգնե բոլորովին ազատ կղերական ազդեցութենե։

Բ. Աղջիկներու համար ալ վարժարան մը պիտի բանա նույնպես ազատ մայրապետներու ազդեցութենե։

Գ. Ասոնց պիտի հատկացնե այնպիսի կալվածներ, որոնց մեջ քարեն ու կիրեն զատ նյութ չպիտի գտնվի, որպեսզի ոչ կրակեն վախնան և ոչ ջուրեն։

Դ. Պատրիարքարանին հաստատ եկամուտ մը պիտի կապե և ժողովուրդն ազատ պիտի ըլլա տուրք վճարելե։

Ե. Բավական գումար պիտի նվիրե ազգին՝ եթե ան ալ հաճի զինքը կաթողիկոս-պատրիարք ընտրելու»։

144