Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ եթե չկարենա այդ գումարն առնել, դարձյալ ետ չպիտի կենա ազգին համար աշխատելե և պիտի գործադրե այն դիտավորություններն, զորս մտքին մեջ ունի և որք են․

«Ա․ Տասնական դահեկան առնել այն ամեն անձերեն, որ եկեղեցի չեն երթար — այս տուրքով տարին մեկ միլիոն ոսկի գոյացնել կը հուսա։

Բ․ Շաբաթը մեկ դահեկան տուրք սահմանել տաճկերԵն խոսողներուն։

Գ․ Ամիսը մեճիտիե մը տուգանք առնել Հասունյանի հետ խոսողներԵն։

Դ․ Մեկ ոսկի պահանջէլ այն ամեն անձերեն, որոնք կը հանդգնին կասկած հայտնել իր ազգասիրությանը։

Ե․ Իրավունքե զրկել այն ամեն կրոնականներն, որ եկեղեցական արարողության ատեն կը հազան։

Զ․ Ասոնցմե գոյացած հասույթեն յուր աշխատության վարձքն հանել և մնացածը առատաձեռնությամբ ազգին նվիրել»։

Եթե այս ճամբով ալ չհաջողի՝ պիտի դիմե այն հնարքներուն, զորս ազգասիրությունը կը ներշնչե իրեն։

Եկեղեցական արարողություններուն մեջ այնչափ խիստ է, որչափ մեղմ է Հասունյան։ Կը փափաքի, որ հայր Մերը առնվազն մեկ Ժամվան մեջ լմննա, որպեսզի շուտ կարդացվելով բառ դուրս չմնա։ Ոչ թե բառ, այլ եթէ գիր մը պակաս հնչվի՝ կրակ կը թափե զայն կարդացողին գլխուն․ եթե կետ մը աննշան կերպով անցնի՝ նստած տեղեն կ’սկսի դիտողություններ ընել։ Օր մը Ոսկեբերանի եկեղեցին գացած էի և դիպվածն անանկ բերած էր, որ յուր ետևը կայնիմ։ Եպիսկոպոսին մեկն սկսավ Հայր մերն, որուն կետադրությունը Քազանճյանն ստանձնեց սապես․

— Հայր մեր որ յերկինս էս:

— Կետ։

— Սուրբ եղիցի անուն քո։

— Վերջակէտ։

— Եկեսցէ արքայութիւն քո։

— Կետ։

145