Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՀԱՆ ՊԱՐՏԻԶԱԿՑԻ

1850-ին Պարտիզակ ծնած է Վահան վարդապետ, երևսփոխան, թատրերգակ, առակախոս, այցելու և պատվիրակ Բարձր Հայաստանի։ Այնչափ բարի զավակ մ’էր, որ իր ծննդենեն երկու ամիս առաջ հայրը մեռավ, յուր տղուն երեսը չտեսնելու համար․ երկու ամիս ետքն ալ մայրը հոգին փչեց՝ յուր զավակին երեսը տեսած ըլլալուն համար։

Կնքահայրն, որ այսօրվան բոլոր կնքահայրներու պես յուր սանին երկու անուն դնելու մոլությունն ուներ, Լիլի Կապե անվանեց զայն, որ ըսել է Խեռ Կարապետ։ Եվ արդարև սանն յուր առաջին անվանը հավատարիմ մնալու համար բան մը չխնայեց․ վեց տարեկան էր երբ թռչուններ, հավեր, սագեր ու բադեր կը զարներ նետով․ երբեմն ալ ամբողջ օրերը խաղալով կ’անցուներ շուներու հետ, որոնց աչերը կը հաներ:

Թաղական խորհրդո որոշմամբ 1858-ին Փրկիչ կը ղրկվի Կարապետ, բայց հոն ալ խելոք չնստիր. դասերը սորվելու տեղ ճանճ որսալու արհեստը կը մշակեր։ Կառավարիչն, անկարող այս աշակերտն ի կարգ բերելու, անառականոց կը դնե զայն, որպեսզի հոն սորվի յուր չգիտցած անառակությունները։ Երկար ատեն չկրնար մնալ այս հարկին մեջ, վասն զի 1862 թվականին երբ Փրկիչը բարեկարգելու համար բոլոր աշակերտները կը վռնտվին հիշյալ վարժարանեն, Կարապետ ալ Պարտիզակ կը դառնա։

Պարտիզակ դառնալուն պես Կարապետ կ'ուզե թաղականներեն վրեժ լուծել․ ուստի կ’սկսի անոնց եզներուն, էշերուն և գոմեշներուն պոչը կտրել։ Թաղական խորհուրդը կը տնօրինե, որ այս տղան նորեն Փրկիչ ղրկվի և Կարապետ

149