Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1863-ին վերստին Փրկիչ կը մտնե։ Մեկ ու կես տարի կը մնա հոն և ամեն ուսումե ու գիտութենե մեկ երկու տրամ բան առնելով` 1865-ին քոլերայի պաաճառով կ’ստիպվի նորեն իր քաղաքը դառնալ։

1866-ին վերստին Պոլիս կը դաոնա և պայտավաճառի մը քով աշակերտ կ’ըլլա: Այն թվականին պայտավաճառները կոշկակարներեն շատ ավելի դրամ կը վաստկեին․ վասն զի դրամական նեղությունն այն ատենները խիստ զգալի չըլլալով՝ ձիերն ու էշերն հիմակվան պես երկու ժամ չէին խորհեր, թե ո՛ւր կոխելու են, որպեսզի իրենց կոշիկներր չհիննան և, հետևապես չստիպվին բոկոտն քալելու։ Կարապետ կարծելով, թե այս ասպարեզին մեջ կրնա մեծ մարդ ըլլալ՝ ինքզինքն յուր տիրոջը սիրելի ընելու համար բոլոր աշխույժն ի գործ կը դներ։ Շատ ապրանք ծախելու համար ունեցած եռանդն զինքը ծայրահեղության կը մղեր․ երբ կը տեսներ այնպիսի մարդեր, որոնք դիպվածով հարստանալով, դիպվածին արդյունքն իրենց խելքին կ’ընծայեին, կը կանչեր զիրենք ըսելով. «Հրամմեցեք, աղեկ կոշիկներ ունիմ ձեզի համար․․․ Պարտիզակեն եկած․․․»։

Սակայն այսչափ աշխատության փոխարեն չհաջողիր իր նպատակին հասնելու։ Տերն, որ կերակուր ուտելեն վերջը չէր քալեր որպեսզի կերածը չմարսե և նորեն ուտելու համար ստակե չելնե, գիշեր մը կը ճամբե Կարապետն, որ անկողինը կռնակը շալկելով դուրս կ’ելնե խանութեն։ Չմոռնանք հոս հիշել, որ Կարապետ պարապո ժամերը կատարելագործելու կը զոհեր, ինչ որ սորվիլ սկսած Էր անցյալին մեջ։

Այն, որ անկարող Է յուր առաջադրած նպատակին երթալ, ականջները կը բանա բախտին և անոր կոչած տեղը կը սկսի վազել։ Կարապետ յուր աշխուժությամբը կրնար թերևս առևտուրի մեջ մեծ մարդ ըլլալ, բախտը զինքը ուրիշ տեղ կը կանչե․ կամ երթալու Է և կամ անոթի մեռնելու Է․ Թորոս բեռնակրության կոչում ունի․ կոչումը ձայն չունի, բախտը զայն սեղանավորության կը հրավիրե։ Ես վիճաբանելու և դիմացինս համոզելու փափաք ունիմ․ բախտը կը հրամայե

150