Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանադրանքը շատերը բավական խնդացուց։ Քանի մը օր ետքն ալ Հայաստանյայց եկեղեցվո համաձայն հրատարակեց ճիշտ առաջինին նման ամուսնություն մը՝ որով ուրիշ մեկն յուր կինը թողա ծ՝ ուրիշ կնիկ մը առած է։ Աս համաձայնը շատ խնդացուց ժողովուրդն։ Այս հակասական վճիռներն մինչև այսօր իրարու դեմ հրացան կը քաշեն Կրոն. ժողովո արձանագրություններուն մեջ։

1878-ին իբրև ազգային նվիրակ Խրիմյանի հետ Պերլինի Ավագաժողովը ղրկվեցավ։ Թեպետ և չգիացվեցավ թե ինչու չկրցին Ավագաժողովին ներկայանալ, սակայն շատերը պնդեցին այն ատեն, թե ազգը մեծ օգուտ քաղեց անոնց ուղևորութենեն, թե ձայն հանելու չէ, այդ օգուտին ինչ ըլլալը վերջեն պիտի հասկցվի: Ասոր համար է, որ շատերն իրենց բերանը բացած՝ գործերուն վերջը դիտելու կր պատրաստվին: Եթե այս օգուտներուն երևակայականն մեկդի նետելով իրականին դառնանք՝ սա օգուտը կը գտնենք, որ առաջ գավառներու մեջ եթե տարին հարյուր հոգի կ'սպաննվեին՝ այսօր հազար կ'սպաննվին և այս ալ մեծ օգուտ է անշուշտ անոնց որք բազմութենե չեն ախորժիր։

Պետք չէ մոռնալ այն մեծ ծառայություններն, զորս մատուցած է ազգին Երեսփոխանական ժողովո մեջ: Յուր ատենաբանություններն շատ ներդաշնակ էին, երաժշտական խումբ մը կը պակսեր զանոնք ավելի ազդու գործելու համար: Յուր ճառերն նույն ազդեցությունը կ'ընեին երեսփոխաններու վրա, ինչ ազդեցություն որ կ'ընեն Հատընտիր քաղվածք դպրոցական աշակերտներու վրա։

Չափազանցություն ըրած չենք ըլլար եթե ըսենք թե՝ իբրև մատենագիր ավելի ծառայած է ազգին քան իբրև կուսակրոն։ Յուր աշխատասիրություններուն մեկ մասը 1870-ին Բերայի հրդեհին հրո ճարակ եղան, ինչպես որ կ'ըլլան դժբախտաբար այն ամեն երկասիրություններն, որք տպված չեն... գրված չեն։ Այդ գործերու մոխիր դառնալն մեծ կորուստ մ'է անշուշտ ազգին համար, բայց կրնանք մխիթարվիլ յուր հրատարակած գործերով, որոնք քիչ բացառությամբ, արժանիք ունեին... 16