Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրեն հասակակից աղջիկներ ու մանչեր տուն հրավիրելով՝ աթոռներու վրա կր բազմեցուներ, ինքն ալ սեղանի մը վրա կ'ելներ.., ճերմակ ձեռնոցներով և կարճ, բայց ազդու ատենաբանությամբ աղջիկներուն երեսը կր նայեր... դաստիարակության օգուտներն անոնց զգալ տալու համար։

Ամիրայության մեծ փափաք ուներ, յուր կարճ, բայց ազդու հասակովն ամիրայության բարձրանալ կ'ուզեր, վասն զի ամեն բարօրություն հոն կր փնտռեր. ուստի նախատինք կր համարեր տեսություն ընել այն ամեն մարդերու հետ, որ ամիրայական արգանդե մը ծնած չէին: Օր մը նպարավաճառի մը ղրկվեցավ, որ քիչ մը պանիր առնե, բայց ինքն երբ տեսավ, որ նպարավաճառն ամիրա չէր, առանց պանիր առնելու ետ դարձավ:

Երբ յոթր տարեկան եղավ, թաղին վարժարանը դրվեցավ, որ ուսում առնե: Այն ատենները վարժարաններու մեջ ամեն բան կը գտնվեր բացի ուսումե. որով Տիգրանիկն ալ ուսումեն զատ ուրիշ ինչ որ գտավ առավ թաղային վարժարանեն։

1850-ին Բարիզ գնաց և վաճառականության դպրոցը մտավ հոն։ Մեծ հաջողակություն ցույց տվավ այն ուսման՝ զոր մենք վաճառականություն կ'անվանենք և որուն Խաբեություն անունը կը կարդա Վովընարկ։ Քիչ ատենի մեջ կատարյալ սորվեցավ մարդ խաբելու սկզբունքներն, զորս պիտի գործադրեր վաճառականության մեջ։ Սակայն բախտը, որ եթե չժպտիր ապուշներու, երբեմն անոնց պաշտպան կը հանդիսանա, ըսավ Տիգրանին.

«Պարոն, եթե զքեզ վաճառական ընեմ՝ մահկանացուներուն գլխուն փորձանք մ'ալ պիտի ավելցնեմ։ Արդեն վաճառականները պատժել կ'ուզեի բայց անանկ պատիժ մը կ'ուզեի, որ խիստ ըլլար, Ուրախ եմ այսօր զքեզ գտնելուս վրա գնա ուրեմն դատավոր անունով պատիժ եղիր այդ վաճառականներուն վրա»։ 20