Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նախ՝ աս կողմը անցիր։ Երկրորդ՝ շիտակ կայնե։ Երրորդ՝ գլուխդ վեր բռնե։ Չորրորդ՝ ձեոքդ վար առ։

Եվ դուն այս հրամանները լսելով, անշուշտ պիտի կարծես թե, դերձակի մը առջև կը գտնվիս, որ չափդ պիտի առնե. բայց կը սխալիս, դատավորի մը առջևն ես, և ո՛ր ժողովին մեջ որ մտնես, այդ հրամանները պիտի կատարես։

Տիգրան Էֆենտին այնչափ կը փափաքի ազգին ծառայություն ընել, որ հարյուր հոգվո գլուխ հանելիք գործը մինակը կ'ուզե կատարել։ Սուտ չեմ խոսիր։ Գնա օր մը իրեն ըսե՛.

— էֆենտի՛, թաղիս մեջ կ'ուզենք բարեգործական ընկերություն մը կազմել:

— Վսեմ գաղափար։

— Կը փափաքինք, որ հրամանքնիդ ալ ատենապետ ըլլաք։

— Սիրով կ'ընդունիմ։

Այս պատասխանը առնելեդ ետքը դուրս ելիր սենյակեն և դռան քովը կեցի՛ր։

Ահա ուրիշ մը կը մտնե.

— էֆենտի, որոշեցինք վարժարաններու նպաստելու համար ընկերություն մը հաստատել։

— Շատ ազգօգուտ ձեռնարկություն։ — Արդյոք կ'ընդունեի՞ ք... — Ատենապետությո՞ւնը... սիրով կըն... — Կ'ընդունեի՞ք տասը բաժին... — Ընկալագիրն ամիսե մը ղրկե՛ ։

Սենյակեն դուրս ելած ատենը ասոր ձեոքեն քաշե և քովդ կայնեցուր։

Երրորդ մը կը մտնե.

— Բարև, էֆենտի։ — Աստուծու բառին։ — Մսավաճառի խանութ մը բանալ կ'ուզենք ընկերությամբ։ 22