Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էֆենտին ատենադպիր էր և երբ ատենապետին քովն նստեր՝ մարդս ինքնիրեն կ'ըսեր.

«Եթե այս երկու մարդերու կարծիքներն այնպես են, ինչպես իրենց հասակները, ժողովը շատ դժվարություն պիտի քաշե որոշում մը տալու համար»։

Որոշ չգիտցվիր թե այն ատեն ի՛նչ գործ տեսավ Քաղ. ժողովն։ Միայն սա հայտնի է, որ Պրուսայի առաջնորդ գեր. Բարթուղիմեոս եպիսկոպոս հոս կանչվեցավ. վերջը նորեն տեղը ղրկվեցավ, դարծյալ հոս բերվեցավ. վերստին տեղը ղրկվեցավ, նորեն ետ պիտի կանչվեր, եթե Քաղ. ժողովին պայմանաժամը լրացած ըլլալով՝ չհրաժարեր պաշտոնեն։ Եվ որովհետև օրենք չէ Քաղ. ժողովո ատենագրություններն ի լույս ընծայել—անշուշտ աջ ձեռքին գործած բարիքները ձախին ցույց չտալու համար—բնական է, որ անոր մեզի ըրած աղեկությունները չկարենանք հիշել։ Եթե պաշտոնյաներուն վկայությանը դիմենք, մինչև այսօր ասոնցմե և ոչ մին քաջություն ունեցած է խոստովանելու թե ձեռքես եկածին չափ աշխատեցա ազգիս չարիք հասցնելու և խիղճս հանգիստ է: Քաղ. ժողովո անդամ մը երբ յուր պաշտոնեն հրաժարի, կ'ըսէ.

«Աշխատեցա որչափ որ կարողությունս կը ներեր մեր ժողովին գործերուն մեջ կանոնավորություն մուծանել. շատ բարիք ըրինք ազգին, բայց նա չճանչցավ. եթե մեր տեղը ուրիշ Քաղաքական ժողով մր ըլլար՝ ազգին վիճակը գեշ էր»:

Հիմա շատ աղեկ է... խոստովանիմ և հավատամ։

Տնտեսական խորհրդո անդամ մը կ'ըսե.

«Մեր պաշտոնի գլուխ անցած ժամանակ սնտուկը շատ պարտք ուներ, իսկ հիմա քիչ պարտք ունի, զոր վճարելու անկարող է»։

Ա՛լ այնչափ մեր հույսը կտրած ենք ազգային սնտուկն պարտքե խալսելե, որ անոր քիչ պարտք ունենալն մեզի երջանկություն կը համարինք։

Վերջապես ամեն պաշտոնյա յուր անձնանվիրությունները կը համրե և շատ զարմանալի է, որ ազգն այսչափ բարերարներ ունենալով չկարենա լավագույն վիճակի մը մեջ գըտնըվիլ:

26