Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք առանց գիտնալու թե Յուսուֆյան էֆենտին ի՞նչ ընթացք բռնած Է յուր այս պաշտոնին մեջ, կրնանք վկայել, որ վարված չէ ոմանց պես, որոնք ազգային պաշտոնատեղին այնպես կ'երթան, ինչպես կ'երթաս դուն վաճառատունդ, մյուսն յուր խանութը և ես իմ գրասենյակս: Շատ մը պաշտոնյաներ կան, որոնք ազգային պաշտոններու շնորհիվ իրենց Հնդկաստանի ճամբան ապահոված են։

Յուսուֆյան Էֆենտին պատիվ ունեցած Է քանի մը անդամներ Միջագյուղի թաղական խորհրդո մեջ գտնվելու, բայց երբեք թաղական խորհրդարանի մեջ։ Այսօր հաստատված ճշմարտություն մ'Է, որ եթե զինվորական ասպարեզին մեջ գտնվելուվ՝ զորաբանակի մը հրամանատար անվանվեր պատերազմի ժամանակ, և եթե այդ զորաբանակն ալ Պաղտատ գտնվեր՝ ինքն յուր թիկնոցին մեջ փաթթված՝ յուր Միջագյուղի տունեն դուրս չպիտի ելներ և Պոլսո մեջ հրամանատարություն պիտի ըներ Պաղտատի մեջ գտնված զորքերուն։ Եթե իրեն դիտողություն ընեին՝ այն ատեն իրեն խոհարարը պիտի ղրկեր պատերազմի դաշտին վրա յուր հրահանգները զորաց հաղորդելու համար։ Բնավ կարևորություն չտար այն վնասներուն , որ հառաջ կուգան որևէ պաշտոն մը ստանձնելով զայն չկատարելե։ Եվ ահա այս սկզբունքով է, որ թաղական խորհրդարան երթալովն յուր պաշտոնին գլուխը անցած չէ։ Բայց յուր ընկերներեն մին սնտուկը պարպած է, քահանաներուն իրավունքն յուր կոկորդն անցուցած է, աղքատին դրամը կլլեր է, ի՞նչ փույթ. բավական է, որ ինքն ատանկ բան մը ըրած չէ և հետևապես պատասխանատվությունը երբեք յուր վրան չառներ։ Անհոգութենե ծագած վնասներն իրեն համար առաքինություն կը համարվին։ Ծով ինկած մարդ մը եթե ըսե իրեն.

— Կ'աղաչեմ, էֆենտի։

— Ատենապետությո՞ւն ընեմ։

— Կր խղդվիմ, ձեոքս բռնե որ ելնեմ...

— Կը խոստանամ զքեզ խալսելու, կը պատասխանե, և գրպանէն Մասիս լրագիրը հանելով կարդալու կ'զբաղի։

27