Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և կրավորապես, ուստի ճեմարանեն ելնելեն քանի մը ամիս ետքը, արքունի բժշկական վարժարանը գնաց։ Դարձյալ յուր մեղվաջան աշխատությամբն սորվեցավ, թե ինչպես կ'սպանըվին մարդեր...առանց զենքի... Երբ կը տեսնեմ մարդասպան մը, որ դատի ելած ժամանակը յուր հանցանքը պարապ տեղը ուրանալու կ'աշխատի, կը զարմանամ, թե ինչու դատավորներուն դառնալով ես բժիշկ եմ չըսեր՝ ինքզինքը արդարացնելու համար: Երբեք ամիրաներու կամ պատրիարքներու առջև ծունկ չոքելով հանձնարարական թուղթ չմուրաց, միայն յուր խելքեն, ջանքեն հանձնարարվելով աստիճանն աստիճան բարձրացավ: Տասնապետ, հիսնապետ, հարյուրապետ, հազարապետ ըլլալեն ետքը փաշայության բարձը աստիճան ելավ, ուր կը վախնամ ես ելնելու։ Ահա մարդ, որ կրնա ըսել: Հանդարտ խղճմտանքով և պարծանքով. իմ գործերուս զավակն եմ: Այսօր սուր մ'ալ կր կախե մեջքեն, որպեսզի դեզերովը եթե չկարենա նպատակին հասնիլ՝ սուրը քաշե:

—Կր փափաքեի, որ բոլոր բժիշկներն ալ մեյ մեկ սուր կրեին, իբրև նշան իրենց արվեստին:— Կրնանք վկայել իրեն համար, որ արհեստը չարաչար չգործածեր, երբեմն աղքատներն ալ կ'այցելե առանց դրամ ընդունելու—այսպեո չվարվող բժիշկներն բամբասանքի կ'ենթարկվին. Լավ, բայց գնա հարուստ վաճառականի մը և աղքատի մը համար կտավ ուզե, կը ծաղրեն քեզի և չեն ալ բամբասվիր։—Օր մը երկու ծեր հիվանդ կիներ իրեն դուռն ափ առած Էին։ Սպասավորն դուռը բացավ և կարծելով, թե այս կիներու ներկայությունն ձանձրույթ կր պատճառե փաշային՝ վռնտեց զանոնք ըսելով, ինչպես որ սովորություն Է.

— Հոս չէ, դուրս ելավ։

Փաշան վերեն իմանալով եղելությունը՝ պատուհանը բացավ և ըսավ.

— Թո՛ղ տվեք կիներուն ինձի գալ:

Եվ այդ ծերերը քովն առնելով անոնց բազկերակները քննեց, բայց ոչ ունելիով, ինչպես կ'ընեն փափուկ բժիշկներեն ոմանք, դեղագիրը գրեց և ճամբեց:

36