Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չունի։ Ծնած օրեն սկսավ պահեցողության. չորեքշաբթի և ուրբաթ օրերը, երբ մայրն ծիծն անոր բերանը կր դներ, Տերոյենց կը մերժեր, նետելով յուր մորը վրա այնպիսի նայվածք մր՝ որ կը թարդմանվեր. ինչու կստիպես զիս պահքս ավրել, մայրիկ,— այս թարդմանության ճշտությանը կը վկայենք, որովհետև Տերոյենցինը չէ։ Ծոմապահությամբ ալ ոչ նվազ նշանավոր է Պատվելին. եթե այսօր դասատու մը կամ խմբագիր մը դրամ չունենա հաց առնելու և մինչև իրիկուն անոթի մնալ ստիպվի՝ Տերոյենցի պես բարեպաշտ է կ'ըսեն։

Չամուրճյան Պրուսա անցուց յուր մանկության և պատանեկության օրերը։ Ամեն առավոտ կանուխ եկեղեցի կերթար։ Յուր աղոթքին մեջ թեպետև երկնից արքայությունը կը խնդրեր, սակայն հարուստ ամիրաներ ալ խնդրելու չէր մոռնար։ Նեղության ժամ տնակները կ'ստիպվեր երբեմն մարդուս սխալական ըլլալը հաստատել, ըսելով, արքայություն խնդրենք, բայց հացագործը դրամ կ’ուզե, ամիրաներ տուր ինձի, աստված, և ամեն բան ունեցած կ’ըլլամ: Աղոթքն ավարտելեն ետքը՝ շապիկ կը հագներ ու ձայնավորություն կ'ըներ. Ձայնն այնչափ բարձր էր, որչափ յուր ոճը, այնչափ անուշ, որչափ յուր հոդվածները և այնչափ բարակ, որչափ «Երևակին» թուղթը։

1832-ին Պոլիս եկավ Տեր-Կարապետյան յուր ձեռքն ունենալով պայուսակ մը, որ կը պարունակեր չորս շապիկ վեց վարտիք, քանի մը հայերեն գիրքեր, քիչ մը զրպարտություն, ծրար մը կռիվ, չորս թաշկինակ, կտոր մը պանիր, և կտոր մ'ալ վեհանձնություն։ Ասոնցմով կրնամ, կ'ըսեր, քիչ մը ժամանակ ապրիլ։ Արդարև երեք չորս ամիսի չափ Պոլսո փողոցները քննելեն ետքը, ներկայացավ Հովհաննես Գալֆային, որ յուր զավակներուն և աղքատներու համար մասնավոր վարժարան մը բացած էր Ւճատիե, զոր քանի մը տարի առաջ Միսաքյան Խաչատուր, երևելի գրագետ, Հնարավանի փոխեց գրականության փոքրիկ ծառայություն մը մատուցանելու նպատակով։ Այս վարժարանին դասատու—տնօրենությունը

42