Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քերականությունն ալ երեք տարիի բաժնեց.

Մասն առաջին՝ բառագիտություն.

Մասն երկրորդ՝ զուգադրություն.

Մասն երրորդ՝ շարադրություն։

Այս քերականության վերջին երկու մասերը արժանի չեղան լույս տեսնելու. բայց առաջինը մեծ, խիստ մեծ ընդունելություն գտավ... նպարավաճառներեն, որոնք հիշյալ քերականությամբ սորվեցան, թե ինչպես պանիր կը փաթտվի թուղթերու մեջ։ Խոսքին ութը մասերուն մեջ զգալի փոփոխություններ ըրավ. Անունին պաշտոնը Մակբայի տվավ, Մակբայինը Դերանունին, Դերանունին պաշտոնը Շաղկապին, ե այնպես վարվելով բարեկարգեց Հայաստանը... Քերականությունն ըսել պիտի ուզեի։ Վարժարանին հառաջադեմ աշակերտները սկսած էին այն քերականությամբ սխալ խոսելու և սխալ գրելու վարժվիլ, երբ անոնցմէ մին անոր սխալները Պատվելիին ցույց տվավ։ Այն օրեն ետքը հիշյալ Քերականությունն իբրև վարժություն տրվեցավ աշակերտներուն, որ մեջի սխալներն ուղղելով կանոններուն համեմատ գրեն։ Պատվելին հոն ալ չկրցավ երկար ատեն մնալ, վասն զի ճեմարանը գոցվեցավ։

1846-ին լրագրական ասպարեզին դուռը բաց գտնելով ներս մտավ։ Թուղթ մը գտավ, առավ և վրան Հայաստան գրեց—Քյուրտստան ըսե, Քյուրտստան, կը պոռա Սըր Լեյըրտ,— և սկսավ հրատարակել։ Հայաստանով սկսավ Հռովմի գահը գովաբանել, որով քիչ ժամանակի մեջ այնպիսի ջարդ մը տվավ ընթերցողներուն, որ իրմե զատ Հայաստան կարդացող չմնաց։

1848-ին տեսնվելու բարեբախտություն ունեցավ Ֆերիեբի կարդինալին հետ, որ Հռովմեն հոս ղրկված էր մոլորյալ և հերետիկոս քրիստոնյաները համոզելու, որ ս. Պապին հողաթափը համբուրեն։ Սկսավ պատմել Տերոյենց, թե՝ ինչպես եղեր է, որ նատուրա բառը նաշերեեն ելած է, թե՝ բրոչետերե բառը բրո և չետերե բառերե ծնած Է—բրո էրիկն, իսկ չատերե կնիկն անշուշտ — թե՝ բուրկատորիում բուրկա բառեն կելնե —

44