Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ութուճյան.— Ես անոր անձին հետ գործ չունիմ. առեք մասիսը և հաշտեցուցեք եթե կրնաք, Երևակի հետ։

Սրբազան պատրիարք.—ի՞նչ կ'ըսե, Պատվելի՛։

Տերոյենց.—Հերետիկոսություն չընեն, որ ես ալ չգրեմ:

Տերոյենց պատվելին Ութուճյանի ճակատեն համբուրելով կես հաշտությամբ տուն կը դառնա։ Քանի մը ամիս ետքը այնչափ ջերմ եռանդով կ'սկսի ջատագովել պապականությունն, որ Մոնտ անուն անդրալեռնական լրագիրն 1864 դեկտեմբերի 12 թերթին մեջ հետևյալը կը հրատարակեր.

«Կ. Պոլսո մեջ Երևակ շաբաթական թերթ մը, չմիացյալ հայոց ամենեն ներհուն և ամենեն լուրջ անձեն խմբագրյալ, գանոնք իրենց հռովմեական եղբայրներեն բաժնող նախապաշարմանց և կանխակալ կարծյաց միջնորմը խրամատեց... յուր զենքերը հռովմա զինանշանները կը կրեն.......»

Խոստովանիմ և հավատամ։

Խռովությո՜՜՜ւն ամենեցուն։

Երևակին երկրպագեսցուք։

Այս է ահա Պատվելիին խմբագրական կյանքը։ Յուր շնորհիվ, ազգային լրագրական ասպարեզն տղայական և անօգուտ վիճաբանություններու թատրոն հանդիսացավ։ Երբ հայ թերթ մը փափաքեր քիչ մը լույս վառել, Պատվելին կուգար, կը փչեր զայն։ Մինչև այսօր երբ կրոնի խնդիր մը ծագի՝ Պատվելին առանց հրավերի սպասելու ասպարեզ կը նետվի և նկատելով որ բողոքականությունը ազգին մեջ տարածելու ջանքե կ’րլլան-ով սկիզբ կուտա յուր հոդվածներուն, որոնց վերջ կը մաղթենք մեր բոլոր սրտով։

Բայց պատվելիին աղոթքներն ընդունելի եղած էին, գրեթե միշտ Ամիրա մը գտնված էր իրեն ձեռնտու։ 1865-ին Կարապետ Ամիրա նվիրեց Երուսաղեմին գումար մը, որուն տոկոսը, տասը ոսկի օսմանյան, Պատվելիին կը տրվի ի վարձատրություն Եկեղեցական պատմության մը, զոր պիտի գրե Չամուրճին: Այս աշխատասիրությունը դեռ ի լույս չեկավ և գալու պատճառ մը չունի, վասն զի Պատմությունը գալուն պես Պատվելիին տասը ոսկին պիտի երթա։ Տարակույս չկա,

47