Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժամանակին հարմարիլu փոքր մարtերու գործ է, մեծ մարդն այն է, որ գիտե ժամանակն իրեն հարմարցնել. վասն զի հագուստը պարտավոր է մարդուս հարմարիլ և ոչ թե մարդս հագուստին։

Լավ է սրբազան Պապին ոտները համբուրել, քան էջմիածնա եպիսկոպոսներուն ձեռները։

Ոչ թե ժամանակն, այլ դրամն է, որ կը փոխե ամեն բան:

Երբ ճամբա մը բռնեցիր՝ շարունակն զայն, եթե սխալ ալ ըլլա։

Պատվելին պարզասեր է... հագուստի մասին, սխալ չհասկցվի։ Օր մը երբեք մտքեն անցուցած չէ նեղ կոշիկներու մեջ չարչարել յուր ոտները. այնչափ մեծ և ընդարձակ են յուր ոտքի ամաններն, որոնց մեկ հատը միայն կրնա երկու հոգի միանգամայն հագնիլ և առանց նեղություն իմանալու քայլել։ Երկար վերարկու մը կ'առնե երբեմն յուր վրա, ինչպես երբեմն՝ վրան առավ ճեմարանի ուսումնապետության պաշտոնը... ուրիշ մը եթե վրայեն քաշե առնե վերարկուն՝ ինքը չիմանար: Կյանքին մեջ երբեք փողպատ և ողջմտություն գործածած չունի. ոչ թե չունենալուն համար, այլ ինքզինք նեղության հպատակ չընելու համար. բանթալոնն շատ ընդարձակ է, հակառակ այն անհիմն զրույցներուն, որովք շատերը կ'ուզեն հավատացնել թե՝ յուր եկեղեցական պատմությունն ավելի ընդարձակ է։

Չամուրճյան հասակով և կզակով երկար, համբավով և քիթով մեծ, գույնով և մազերով ճերմակ, աչքով կապույտ քաջառողջ մարդ մ'է։ ճակատն այնքան խորշոմ ունի, որ արդուկն անգամ բավական չէ շտկել զայն։ Մատներն երկար են և աստվածաբանություն գրելու կոչում ունին։ Ուզած ժամանակը ձայնն այնքան հաստ կը հանե, որ որոտման կարծիքը կուտա լսողներուն։

Չամուրճյան կը նկարագրվի գետինը պառկած կռնակի վրա և գիրք մը բռնած։ ճակատին վրա մեծ տառերով վիմագրված է կրոնք: Դևերու խումբ մը շրջապատած են զինք և զինյալ են զենքերով, որոց վրա զրպարտություն դրոշմված է։

60