Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐԱՊԵՏ Ս. ՈԻԹՈԻՃՅԱՆ

Կարապետ Ս. Ութիւճյան, խմբագիր-տնօրեն Մասիս պատվական լրագրո, ազգային երեսփոխան ընդհանուր ժողովո, ծնած է Պալատ 1823 հոկտեմբերի 18-ին։ Վիպագիրներեն ոմանք կը ջանան հաստատել, թե Ութուճյան ծնած ժամանակին այնիպիսի հեգնական դեմք մը ուներ, որ կարծես դայակին ըսել կ'ուզեր. Ի՞նչ մեծ գործ տեսար: Կան պատմագիրներ, որ, հակառակը պնդելով, կը զրուցեն թե Ութուճյան աշխարհ փոխադրված ժամանակն այնչափ խոժոռադեմ Էր, որ դայակը վախնալով ինքզինքը սենյակեն դուրս նետեց, և, գինիի մեջ քիչ մը մոխիր խառնելով խմելեն ետքը, դրացիներուն վազեց ազդարարել՝ թե առջի գիշերը տեսած մեկ երազն կատարված Էր։ Դայակր երազին մեջ տեսած Էր, որպես թե մեկն սագի փետուրով ահագին քարեր կը նետեր յուր վրա։ Երախան այս բաներեն բնավ տեղեկություն չուներ, յուր սովորությանը համեմատ տասը տարի ետքը իմացավ, սակայն այն ատեն ալ լրագիր չուներ, որ Ներքին Լուրերու մեջ հրատարակեր։

Կարապետ մորն արգանդեն բաժնվելուն պես զգաց՝ թե մարդս պարտավոր Է նախ իր փորը գոհացնել և ապա բաժանորդները։ Ուստի մորը ծիծերեն կախվեցավ և այնչափ անհագաբար ծծել սկսավ, որ քանի մը ամիսեն մորը ծիծերը բոլորովին պարպեց, և ստիպվեցավ մնացած ամիսներն աղվեսի կաթով անցունել։

1831-ին ուսում և գիտություն առնելու համար Պալատու վարժարանը մտավ այն ձևով, որով կը մտնե այսօր մրգավաճառներու խանութը խնձոր առնելու համար։ Դասատուներու

52