Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՌԱՋԱԲԱՆ

Որչափ ալ բժիշկները վկայած ըլլան, թե ծիծաղն շատ օգտակար Է մարսողության, Լիկուրգոս ծաղու աստվածներու արձաններ դնել տված ըլլա սեղանատուններու մեջ և վերջապես Պղուտարքոս կերակուրներու առաջին համեմն կոչա ըլլա զայն, մենք, այս հրատարակությունն ընելով, երբեք նպատակ ունեցած չենք ո՛չ փափուկ ստամոքսի տեր ընթերցողներուն մարսողությանը ծառայել և ո՛չ ալ քիչ կերակուր ուտողներուն ախորժակը բանալ, եթե երբեք գործս պիտի յաջողի քանի մը ժպիտ քաղել յուր ընթերցողներեն։

Մենք այս հրատարակությամբ աշխատած ենք մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով՝ անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն։

Կը համարձակինք ըսելով, որ ոչ զոք վիրավորել ուզած ենք և ներկայացուցած ենք անձերն այնպես, ինչպես որ են և ոչ թե ինչպես որ կ'ուզեն իրենք և եթե ընթերցողն տեղ տեղ ծանր կետերու հանդիպի՝ անոնց պատասխանատուն մենք չենք. ո՞ր հայելին գաճաճն Աքիլլես կ'անդրադարձնե, ո՞ր լեռն սուրբը սատանա կր կրկնե։

Կը խոստովանինք, որ ծննդյան թվականներուն մասին պետք եղած ճշտությունը չկրցինք պահել վասն զի օրինվոր տոմարներու պակասության պատճառավ քառասուն տարիքն անցած մարդ չգտանք և ստիպվեցանք անոնց յուրաքանչյուրին տալ այն տարիքն, զոր ունենալ կը թվին։