Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՈՐԵՆ ԳԱԼՖԱՅԱՆ

Խորեն եպիսկոպոս, աստվածաբան, կատակերգակ, ազգային երեսփոխան, բանաստեղծ, 1861-ին Գալֆայան, 1870-ին Նար-Պեյ, 1879-ին Լուսինյան—մինչև նոր տնօրենություն—ծնավ Կ. Պոլիս Սամաթիո թաղին մեջ 1841 թվականին։ Ծնած գիշերր երեք տեղ հրդեհ պատահեցավ. Արնավուտգեղ, Ախրգաբու և Գասըմփաշա։

Խորեն չուշացավ հայտնել, թե յուր ծնունդովն բանաստեղծ մ'ալ ավելցավ աղգին և ոչ թե փորձանք, ինչպես կը գուշակեին քանի մը հեռատես մարդեր վասն զի երբ մանկաբարձն անոր ոտներուն վրա դիտողություն կ'ըներ, տասնվեցոտյան ոտանավորներն միշտ այսպես կը վերջանան, պատասխանեց երախա բանաստեղծն, որ ազգային քերթող պիտի հորջորջվեր օր մը մեր ազգային համբակ... սափրիչներեն։ Ութ օր վերջը կատարվեցավ յուր մկրտության հանդեսը։

Կնքահայրն Ամբակում դրավ անոր անունը, սակայն երախան տուն երթալուն պես փոխեց զայն ու Խորեն դրավ։

Նախազգացմամբ գուշակեց կարծես, թե ձեռք պիտի քաշեր օր մը այս աշխարհիս վաղանցուկ հաճույքներեն, թե յուր կյանքն աստուծո ծառայության նվիրելով մեծ քաղցրություն պիտի զգար։ Ուստի, օր մը աջերն վեր առնելով կնկան մը երես չէր նայեր... բազմության մեջ, փութանք ավելցնել, թե մեկե մը տեսնվելու կասկած կամ երկյուղ չունեցած ատենն ալ չէր նայեր կիներու... եթե ծեր ըլլային. և հետևապես, կուսակրոն ըլլալու համար ամեն տրամադրություն ուներ։ Հազիվ չորս տարեկան կար, դրացվույն տղաներն յուր տունը կը հրավիրեր և անոնց հետ կրոնական խաղեր կը խաղար