Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Թեպետև դուք զիս չեք ճանչնար, բայց ես ձեր գերդաստանը խիստ լավ կը ճանչնամ. ձեր լուսահոգի հայրն իմ լրագրույս բաժանորդ էր։ Շատ բարի մարդ մ էր, աղքատներուն ողորմություն կուտար, աղքատ աղջիկներ կը կարգեր և իրեն դիմողներուն բարություն կըներ։ Ասանկ ողորմած մարդերը շատ ապրելու են. բայց, ի՜նչ օգուտ, անգութ մահը միշտ բարիները կառնե և թող կուտա լարերն, որ ազգին չարություն ընեն։ Թողունք սակայն հիները և ուրիշ բանի վրա խոսինք։ Շոգենավուն մեջ հանգիստ էիք։


— Շատ հանգիստ էի, պատվականապես կերա, խմեցի և պառկեցա, պատասխաներ Աբիսողոմ աղան՝ քայլերն շուտ և մեծ առնել սկսելով։


— Եթե հանգիստ չըլլայիք՝ վաղուան լրագրույս մեջ պիտի գրեի և ընկերության ուշադրությունը պիտի հրավիրեի ըսավ խմբագիրն ետևեն վազելով։


— Շնորհակալ եմ։


— Չաղաչեմ, ըսե՛ք ինձի, քանի՞ տարեկան եք:


— Քառասուն։


— Վաճառական եք, կարծեմ։


— Այո՛... եթե անցագիր պիտի շինել տաք, հարկ չկա, վասնզի հատ մը ունիմ։


— Չէ, վաղվան թերթիս մեջ պիտի գրեմ, որ առաջի օրը, Տրապզոնեն մայրաքաղաքս եկավ մեծապատիվ Աբիսողոմ աղա երևելի վաճառականն, որ յուր լեզվագիտությամբն և վաճառականական հմտությամբն ծանոթ է մեր ազգայիննե. բուն։ Տաճկերեն գիտեք կարծեմ։


— Ո՛չ։


— Ֆրանսերե՞ն։


— Ոչ։


— Անգղիերե՜ն։


— Ոչ։


— Գերմաներե՜ն։


— Ո՛չ։