Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հյուրին քովը դնելու համար. իսկ երբ այցելուն աղքատ է՝ հրաման կընդունի գետնի վրա աղոթելու։ Հարուստները սուրբ Զատկին կամ Ծնունդին՝ միայն կուգան եկեղեցին, և շատ անգամ ալ անձամբ չկրնալով ներկա գտնվիլ իրենց այցետոմսը կը ղրկեն եկեղեցին։


Այս եկեղեցվույն վերնատունեն ամեն տարի տեղ կը ծախվի կամ վարձու կը տրվի, թեպետև լրագիրներու մեջ ծանուցում չըլլար, արդեն հարուստ տիկինները ամբողջ վերնատունը ծախու առած են, և տոնի օրերը մեյմեկ պահապան կնիկ կը ղրկեն հոն, որպեսզի իրենց տեղը պաշտպանեն օտար կիներու հարձակումներու դեմ։ Արդյոք ժամանա՞կն է հիշել Ավետարանին այս խոսքը. Տուն իմ տուն աղօթից կոչեսցի, և դուք արարիք զսա այրս աւազակաց: Լուսավորիչը ժողովրդական է, այր և կին՝ խառն կը մտնեն տաճարն, բայց Լուսավորիչն, այրերուն վրա վստահություն չունենալուն համար թերևս, եկեղեցվույն աջ կողմն այցերուն տված է և ձախն՝ կիներուն...։ Ո՞վ կարող է պնդել, թե մեր Երեսփոխանական ժոդովն ալ այնպես վարված չէ, թո՛ղ չարամիտներն պարզամիտ ժողովրդյան հավատացնել աղեն, թե Երեսփոխանական ժողովն միայն կիները ներս առած է և այցերը դուրս ձգած է ես չեմ հավատար։


Սուրբ Աստվածածնա եկեղեցվույն դեմն է Թարգմանչաց վարժարանն, որ շատ կանոնավոր խեղճության մեջ կը գտնվի, և եթե ոչ յուր խեղճությամբը, գոնե յուր կանոնավորությամբը կարող է Ազգային վարչության նախանձը շարժել: Շատերը կը զարմանան, թե ասանկ հարուստ թաղի մը վարժարանն ինչո՞ւ աղքատ մնա։ Ես չեմ զարմանար։ Վարժարանն անոր համար աղքատ է, որովհետև թաղին մեջ հարուստներ կան։


Գյուղիս մեջ կա Հռիփսիմյանց վարժարան մը, որ խնամակալուհի տիկիններու տնօրենության տակ կը կառավարվի և հույս կուտա, որ օր մը ուսյալ և կրթյալ աղջիկներ դուրս պիտի տա։ Սույն վարժարանին սանուհիները բավական հաջողությամբ կը թարգմանեն գրաբարե աշխարհաբար, և եթե Սովելոց հանձնաժողովո ատենադպիրին գրաբար նամակ-