Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ատենաբանություններ կընեն ժողովրդյան օգտակար նյութերու վրա։ Անուրանալի ճշմարտություն մէ, որ Միջագյուղ ամեն թաղե առաջ սկսած է լուսավորյալ ազգերու նմանիլ աշխատելու և... չհաջողելու... քանի որ նմանիլը՝ ըլլալ չէ, միշտ պիտի հիշեմ կապիկին առակը։


Այս թաղը խաղաղասեր է. պատրիարքներու փոփոխութիյններու ժամանակ բնավ կարծիք հայտնած չէ։ Օր մը եկեղեցվույն մեջ լսված չէ. հիշվի, չհիշվի: Կերևի, որ միջագյուղցին եկող պատրիարքեն ալ գոհ է, գացողեն ալ, կամ ո՛չ եկողեն գոհ է և ո՛չ ալ գացողեն։ Նույնիսկ թաղային գործերուն մեջ ալ չեզոքություն կը պահե. ուրիշ թաղերու մեջ շաբաթը մեկ անգամ թաղականի կռիվ կը ծագի, հոս մինչև հիմա ատանկ բան մը պատահած չէ։ Հոս ելնող թաղականներեն հաշիվ փնտրելու գեշ սովորությունն ալ չկա. գեղացին իրարու վրա մեծ վստահություն ունի։


Պզտիկ երիտասարդություն մը կա, որ ընկերություններ կազմելով լուծելով ազգին իրական ծառայություններ կը փափագի մատուցանել։ Մինչև հիմա հարյուր ընկերություն կազմված և հարյուր հիսուն ընկերություն լուծված է. իսկ հիմա կա Արհեստական ընկերություն մը, որ հաստատ քայլերով ճանբա կառնե և որուն նպատակն է Հայաստանի մեջ արհեստ տարածել:


Գյուղիս ազգայինները քանի մը դասերու կը բաժնվին:


Դաս մը կա, որ միայն դիվանագիտական խնդիրներով կզբաղի։ Այս դասն երբ գինետուն մտնե և յուր առջև ունենա օղիի շիշը՝ կը փափագի գիտնալ, թե Կլատսթըն ի՞նչ խոսած է Արևելյան խնդրույն վրա, թե Պիսմարք ի՞նչ ընթացք պիտի բռնե, թե Քումանտուրիոս ի՞նչ գրած է Ղեորղիոսին, և մինչև որ ասոնց գոհացուցիչ պատասխանները չառնե՝ գինետունեն դուրս չելներ։


Մյուս դասը դիվանագիտական խնդիրներե ձանձրույթ կզգա. իրեն համար գիտնալու առաջին խնդիրն այն է, թե օղիի վրա աղած ձո՞ւկ ուտելու է, մի՞ս, թե պտուղ. ահավասիկ իրեն համար բարենորոգման խնդիրը...։