Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վնաս չունի, ես լեզվագետ պիտի ըսեմ ձեզի համար և ձեր վրայոք գովեստով պիտի խոսիմ։


— Ամեն Պոլիս եկողներուն անունները ձեր թերթին մեջ կը գրե՞ք:


— Գրեթե ամենն ալ, եթե ձեզի պես պատվավոր ազգայիններ ըլլան։


— Պոլիսեն գացողնե՜րն ալ կը գրեք։


— Գրեթե կը գրենք, եթե պատվավոր ազգայիններ ըլլան։


— Շատ լավ, իմ անունս ալ գրեցե՛ք, ես ալ պատվավոր ազգային մեմ։ Մեր քաղքին մեջ արտերու, եզերու, կովերու և ագարակներու տեր եմ... Ասոնք ալ գրե՛, ըսավ այնպիսի դեմքով մը, որ կը հայտներ, թե մեծ շահ մուներ այս խոսքերուն հրատարակությանը մեջ։


— Հոգ մի՛ ընեք. խղճի և արդարության պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ։


— Երկու երեք հատ սպասավոր ալ ունիմ... անոնք ալ լրագրույդ մեկ կողմը կրնա՜ս անցունել։


— Ինչո՞ւ չէ։


— Ոսկիե Ժամացույց և շղթա ալ ունիմ, բայց շոգենավուն մեջ չգողցնելու համար վրաս չառի, անոնք ալ գրել պե՜տք է, — հարցուր Աբիսողոմ աղան, որ բոլորովին մոռցած էր սնտուկները։


— Ատոնք գրելու հարկ չկա։


— Շատ լավ, բայց մյուս ըսածներս լրագրույդ մեջ ամենեն առաջ դիր, որ կարդան։


— Այնպես ընելու միտք ունիմ։


— Խոշոր գրերով գրե՛:


— Հանգիստ եղի՛ք. ամենեն խոշոր գրերով։


— Միայն հարուստ մարդերուն գալն և երթալն կը գրեք... այնպես չէ՞։


— Այո՛։


— Եթե աղքատ մարդերն ալ կը գրեք չեմ ուզեր, որ իմ անունս...


— Բնավ երբեք, ստակ չունեցողներուն անունները բնավ