Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ, երեսը բրինձի փոշի կը քսե. բայց Միջագյուղի լուսինն արևու չափ կիզիչ ըլլալուն պատճառավ՝ գիշերներն ալ կը գործածե այն փոշին, որուն ոմանք սկսած են հիմա թոմաթես խառնել:


Սիրասուն օրիորդները կամ տիկիններն երբ տուն մը այցելութեան երթան՝ սանդուխին երկրորդ աստիճանեն կերկրնցնեն իրենց ոտներն և սպասավորներու քաշել կուտան իրենց կոշիկներն, որպեսզի պզտիկ ոտներն ամենուն ցույց տան. իսկ երբ ոտները մեծ ըլլան՝ սպասավորներուն քաշել կուտան իրենց ձեռնոցները, շատ մը կիներ ալ իրավամբ քաշել տված են իրենց ակռաները, որովհետև մեծ էին անոնք և մեծ ցավ կը պատճառեին... գեղեցկության։


Տիկիններեն ոմանք կոմսուհիներու կամ մարքիզուհիներու նմանելու համար ամեն հնարք ի գործ կը դնեն։ Երբ զավակ մը բերեն աշխարհ՝ իսկույն ոտնտուի մը կը հանձնեն զայն, վասնզի ազնվականության դեմ է, որ կին մը յուր զավակին կաթ տա։ Արդյոք պիտի գա՞ այն օրն, ուր սպասուհիներն բերեն իրենց տիկիններուն բերելիք զավակներն ալ, որպեսզի փափկասուն տիկիններն ծննդաբերության ծանր գործեն ալ խալսին...։


Միջագյուղցին ուրիշ թաղեցիներու բաղդատմամբ ավելի քաղաքավար է։ Խնդում երես ունի. եթե երբեմն տխուր տեսնես զինք՝ պատճառն թաղին ազգային վարժարանն է։


Գյուղիս կլիման չեզօք է. ո՛չ բարիք կը գործե և ոչ չարիք, բնակիչներն ալ իրենց կլիմային պես են։


Կան երիտասարդներ, որ ինքզինքնին միշտ բարձր դրից մեջ կը գտնեն, եթե ասոր պատճառը փնտրվի՝ դյուրին է համոզվիլ, որ այդ երիտասարդներն այդչափ բարձր չպիտի կարծեին զիրենք՝ եթե օդեն ավելի թեթև չըլլային։ Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրենքով միայն կը լուծվի։ Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան և թեթևները վեր կելնեն։ Այս գյուղիս մեջ կան երիտասարդներ՝ որոնց գլուխն եթե չվան մը անցունենք՝ կրնանք զանոնք թռուցիկի պես բարձրացունել... օդին մեջ։