Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկնի. մեր Երեսփոխանական ժողովն ալ ատյանը ժամը ճիշտ վեցին պիտի բացվի կը ծանուցանե, և ատյանը ութին կը բանա։ Ահա նավապետը երևցավ... վեր ելիր նստե՛, որ հով առնես... նավապետն ահա վարտիքը կապեր, ձեռներն ալ լվալուն պես կը մեկնինք... շուտ ըրե, աճապար՛, հովանոցդ բաց... շատ թրջեցա՞ր... վնաս չունի, ուրիշ անգամ երբ շոգենավը սուլել պատրաստվի՝ հովանոցդ բաց, որ շոգիեն չթրջվիս... աչքդ լույս, ճանբա ելաք... Սարայ Պուրնուն դառնալնուդ պես... բայց ինչո՜ւ կայնեցաք. կարծեմ ածուխը հատավ... նավապետն ինչո՜ւ չեն արթնեցներ, որ պետք եղածը նայի... նավաստիներն ո՜ւր են... ահա հոս են, սքանպիլ կը խաղան, անոնք իրենց տեղեն չեն երերար՝ մինչև որ հրաման չառնեն իրենց նավապետեն, որ չարթննար՝ մինչև որ իրեն ձայն չտրվի նավապետներեն, որ իրենց տեղեն չեն երերար մինչև որ... (կրկնե տասն անգամ): Ահա ճամբորդնրն որ շարժելու միտում ունենալ կը թվին... եթե ածուխ չկա՝ փառք Աստուծո, հողմ կա. հողմը կարող է ածուխին պաշտոնը վարել. բայց առագաստ չկա... ինչո՞ւ ապշած ե՛ք, պարոն ճամբորդներ. բացեք ձեր հովանոցները հողմին առջև, որ շոգենավը շարժի... ո՛չ, ո՛չ, համբերեցեք, ահա նավակ մը, որ Քում Քարու կերթա. չվան մը ձգեցե՛ք, որ շոգենավն քաշե, այդ թիավարները բարի անձեր են, ձեր խնդիրքը չեն մերժեր, մանավանդ թե ձեր ուզածն ալ ինքնօրինություն չէ: Տեսեք ի՛նչ եռանդով թի կը քաշեն... կես ժամեն Քում քաբույի նավամատույցը կը հասնիք։ Վերջապես հասաք...


Բարեկամ, ձախ կողմդ դարձիր, բայց երկաթուղվո գծին վրայեն մի՛ քալեր։ Հիմա աջ կողմ դարձի՛ր և սա նեղ. փողոցեն ներս մտի՛ր. քիչ մը քալելեդ ետքը ինքզինքդ կը գտնես բարձր շենքի մը առջև, ու երկու մարդ քու թևերեդ կը բռնեն և այդ շենքեն բռնությամբ ներս կը հրեն զքեզ։ Մի՛ վախնար, բան չկա։ Ձախակողմյան սանդուխեն վեր ելիր և բոլոր սենյակները պտըտե՛, մեջը մարդ չես կրնար տեսնել։ Ինչո՞ւ, վասնզի բոլոր սենյակներուն դռներուն վրա հետևյալը դրված է. առանց գործոց ներս մտնելն արգիլյալ է: ժամը չորս է,