Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանի փոշիներուն մաքրվելուն համար բան մը չէ կտակած։


Եկեղեցվույն քովն է թաղին վարժարանը, որ համբավավոր եղած է յուր հարուցած վեճերովը։ Դասատուները շաբաթը մեկ անգամ կը փոխվին հոս, ամեն օր նոր դասատու և նոր դրություն։ Չար լեզուները կըսեն, թե այս վարժարանին մեջ ամենեն ավելի հարգ և պատիվ գտնող դասատուներն անոնք են, որ աշակերտներուն շատ թուղթ, գրիչ, մելան և մատիտ սպառել տալու դրությունն կը հարգեն, և այս դրությունը շատ հաճելի է եղեր հոգաբարձութեան անդամներուն։


Մենք չենք ուզեր հավատալ, բայց հավատացողներուն ալ հավատքը հերքելու չափ զորավոր փաստեր չունինք դժբախտաբար։ Աստված չընե, եթե հոգաբարձուներեն մեկն դերձակ ըլլար՝ աշակերտները շաբաթը մեկ անգամ նոր հագուստ հագնելու պիտի ստիպվեին։ Իսկ եթե մեկն ալ սափրիչ ըլլար՝ անպատճառ հետևյալ տողերը ներքին կանոնադրության մեջ պիտի անցընեին, «Աշակերտները պարտավոր են օրը երեք անգամ կտրել տալ իրենց մազերը»։


Ո՜վ անձնանվիրություն, գոնե անգամ մը քու երեսդ տեսնելու պատիվը պիտի չունենանք։ Տրտմիլ պետք չէ. կեդրոնական զբոսարանը գնա քիչ մը, որ բացվիս։ Աջդ դարձիր, և դեմդ կելնեն երեք զբոսարան. մեջտեղի զբոսարանը մտիր, ուր սեղանի մը վրա դրված պիտի տեսնես ազգային քանի մը լրագիրներ, որոնց վրա դրված կան օղիի շիշեր և գավաթներ։ Թաղին բոլոր ազգասերները հոս կը հաճախեն և օղի խմելով ազգային կենսական խնդիրներու վրա կը խոսին։ Ողջ ըլլան: Անդին քանի մը երիտասարդներ նստած, պրին և թրեֆա կը խաղան, ողջ ըլլան ու խաղան։ Ասդին քանի մը անձեր ջերմ վիճաբանության մը բռնված են. ասոնք թաղական Խորհրդո անդամներ են և անանկ բարկությամբ իրարու երես կը պոռան, որ կարծես թե ասոնցմե մին եկեղեցիեն բան մը ծախած և ստակը ծոցը դրած է... առանց յուր ընկերներուն իմաց կամ բաժին տալու։ Ուրիշ մը բարձր ձայնով խաղ կը կանչե, վերջապես խառնակությունը կը թագավորե հոն, սակայն այս կեդրոնական զբոսարանը դարձյալ շատ կանոնավոր է այն