Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնա... տե՛ս այրերու և կիներու բազմությունը։ Աջ կողմդ նայե՛, էրիկ կնիկ իրարու հետ կռվի բռնված են... էրիկը փայտով կսպառնա կնկանը, որ ապտակ կը ցցունե էրկանը... երկու տարու տղա մալ անոնց քովը նստած կուլա... կինը թաշկինակով շրջազգեստը կը սրբե. կարծեմ տղան մորը գիրկը միզած է և պատճառ տված է վիճաբանութեան։ Ընտանիքներու մեջ պզտիկ տղաներու մեզը մեր երեսփոխաններուն հարցապնդումին կը նմանի, միշտ վեճ կը հարուցանե։


Եկուր քիչ մալ աղջիկներու վարժարանն երթանք, որ Լուսավորչյան կը կոչվի և զոր տեր Սուքիաս քահանան կառուցած է 1868-ին, ազզեն օգնություն մուրալով։ Սույն վարժարանն ժամանակավ երեք հարյուրի չափ աշակերտ ուներ, իսկ հիմա որ տեր Սուքիասեն առնված և Թաղական Խորհրդո հանձնված է՝ հազիվ ութսուն աշակերտ ունի։ Կը կարծվի, որ հայրերը չեն ուզեր աղջիկ զավակ ունենալ, աղջիկներու կանոնավոր վարժարան մը չունենալնուն համար։


Այս թաղին մեջը կան Մեզպուրյան, Սուրենյան և Ագռանյան վարժարաններ, որոնց առաջին երկուքը երկու սեռե աշակերտներ կընդունին, իսկ վերջինը միայն իգական սեռեն կընդունի...: Շիտակը խոսելով՝ հայրերն և մայրերն անհոգություն չեն ըներ այս վարժարաններու տղա հասցնելու համար։ Այս մասնավոր վարժարաններուն ալ հաջողություն մաղթենք, քանի որ թաղային վարժարաններե հուսահատած ենք։


Թաղիս այրերը մեծավ մասամբ արհեստավոր և պատվավոր մարդեր են, որ ժամանակավ ազգային խնդիրներու մեջ մեծ դեր կը խաղային, իսկ քանի մը տարիներե ի վեր իրենց թաղային վարժարանին վեճերովը կզբոսնուն։


Ասոնք գրեթե ընդհանրապես սբիրթյուալիսթ են, ամենքն ալ օղի կը խմեն, միայն թե օղիին տյուզ տեսակեն կը գործածեն։ Այս տեղի ժողովուրդն այնպես համոզված է, թե օղին տեսակ մը ջուր է, որ տխրության վրա թափվելուն պես՝ ուրախության կը փոխե զայն։ Տյուզը տարբեր եղանակներով կը գործածվի հոն. ոմանք առանց ջուրի կը խմեն. քիչ մը ջուր դնողներ ալ կան. են որ առաջ քիչ մը ջուրով կը լվան իրենց