Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերանը և վերջը կը խմեն օղին, ոմանք գավաթով կը խմեն, իսկ ոմանք շիշով, և մեկ քանիներ ալ տակառով։ Գավաթով խմոցները կը ծաղրվին ինչպես օմեոբար բժիշկներն ալոբաթներեն:


Թե այրերը և թե կիները շատ կը սիրեն բաղնիքը, ձմեռը տաք բաղնիքներեն դուրս չեն ելներ, ամռան ալ ծովու բաղնիքներեն։ Ամենքն ալ սագե մը ավելի հաջողակությամբ կը լողան, բայց չափազանց տնտեսագետ ըլլալնուն պատճառավ՝ մինչև որ ութը ինը ժամ ծովու մեջ չմնան՝ բաղնեպանին վաթսուն փարա վճարելու համար դժվարություններ կը հանեն։ Խնայողության համար վեց ամիս Մեծ պահք կը բռնեն և լուբիայով ու ձեթով կանցունեն իրենց օրերը։


Առաջվան ջերմեռանդությունն անհայտ եղած է այս թաղեն և անոր հաջորդած է անտարբերություն աղոթքի մասին: Կիրակի առավոտ մը գնա Մայր եկեղեցին, ժողովուրդեն մարդ չպիտի տեսնես հոն, եթե քահանա մը տեսնես մոմ մը վառե և դուրս ելիր։ Կիները միայն սուրբ Զատկին կամ սուրբ Ծնունդին օրերը կերթան եկեղեցին, և այն ալ ոչ թե աղոթելու համար, այլ իրարու հագուստներու վրա դիտողություն ընելու, աղջիկներն մանչերուն նշանելու և երբեմն ալ եկեղեցվույն մեջ զավակ բերելու համար։


Իգական սեռը թուղթ բացող կնիկներու ալ կը հավատա, պակլա նետող խաթուններուն ալ. եթե կին մը հորի դույլ կորուսնե՝ թուղթ բացողներու կը դիմե կորուսած դույլը գտնելու համար, Թասոնիի՞ դիմելու էր. եթե աղջիկ մը յուր սիրականը կորուսնե՝ պակլա նետել կուտա։ Այս նախապաշարումները շատ տուներու մեջ դեռ կը տեսնվին։


Իգական սեռը հոս պճնասեր չէ, հագուստի մասին շատ դրամ չմսխեր, տարին անգամ մը Բերա կելնե և Լուի Ֆիլիբի ժամանակեն մնացած գլխարկ մը կառնե քառապատիկ գնով և ետ կը դառնա, ասոր կըսեն հնաձևություն նորաձևության...։ Հագուստ վայլեցնելու համար ալ երկու-երեք ժամ հայելիին առջևը մնալ չուզեր, հագուստն միմի այն յուր անձը պաշտպանելու համար կը հագնի, և ասոր համար է, որ երբեմն