Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գուլպաները սխալմամբ ձեռներուն կանցունե և ձեռնոցներն ոտներուն։ Որչա՜փ երիտասարդներ կան, որ ասանկ աղջիկներ կը փնտրեն։ Աշխատասեր են, առավոտեն մինչև երեկո կամ կար կը կարեն, կամ լաթ կը լվանան և կամ տախտակ կը սրբեն. սոեսակ մը աղջիկներու կամ կիներու պես ծունկ ծունկի վրա դրած պատուհանին առջև չեն նստիր շաբաթներով:


Այս թաղին մեջ կը բնակի պարոն Մինաս Գափամաճյան, ազգային երեսփոխան և Լույս հանդեսին խմբագիր, որ խմբագրական տաժանելի ասպարեզին մեջ ազգին կը ծառայե յուր լուրջ և զավեշտական հոդվածներով և սակայն դարձյալ պետք եղած քաջալերությունը չգտներ։ Հոս կը բնակի նաև ազգային երեսփոխան և Հայրենիքի խմբագիր պարոն Մկրտիչ Մելիքյան, որ խմբագրական ծանր բեռան տակ կը ճնշվի։ Չգիտեմ, թե այն ժողովուրդն, որ Հայրենիք մը չէ կարող ապրեր ունել, իրավունք ունի՞ Հայրենիք պոռալու...: Հոս ծնած է գերապատիվ Մատթեոս եպիսկոպոս Իզմիրլյան. Պատրիարք կուզե ըլլալ և չի կրնար։


Այս թաղին սահմանն է արևելքեն օղի, արևմուտքեն գինի, հյուսիսեն քոնյաք, հարավեն րոմ կը կարծվի թե Նոյ նահապետ Քոսմ քաբուցի էր:


Կառավարությունն ոչ սահմանադրական է, ոչ ալ միապետական. անհոգությունն է, որ կը վարե թաղին գործերը:


Նշանավոր է, Մայր եկեղեցվո ջրհանկիրներու խումբը, որ կտրիճ երիտասարդներե կազմված է և մեծ պատիվ վաստկած է յուր ճյուղին մեջ։ Եթե հարուստ ըլլայի՝ ամբողջ թաղ մը կրակի կուտայի՝ այս կտրիճներու վազելը տեսնելու համար։


Քում Քաբուն շատ խոնավ է, բայց Քում քաբուցին շատ առողջ է։ Խոնավությունը միմիայն անոնց լաթերուն վնասած է, և եթե երբեմն Քում քաբուցի մը տեսնես, որ բորբոսած հագուստով կը վազե՝ հասկցիր, որ ատոր պատճառն խոնավությունն է։