Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չենք գրեր՝ նույնիսկ եթե հազար ոսկի ալ տված ըլլան դպրոցի մը շինության համար։


— Ըսել է որ դուք ամեն իրիկուն հոս կսպասեք Պոլիս եկող կամ անկից մեկնող հարուստները տեսնելու և անոնց անունները հրատարակելու համար, որպեսզի ժողովուրդն գիտնա, թե ով եկած է և ո՛վ գացած է... տարակույս չկա, որ վաղը իրիկուն իմ անունս պիտի կարդամ ձեր լրագրին մեջ։


— Այո՛, ձեր հասցեն տվեք, որ տեղական թղթատարով ղրկեմ լրագիրը:


— Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2։


— Շատ աղեկ, ըսավ խմբագիրն և գրպանեն թուղթ մը հանելով բաժանորդներուն ցուցակին մեջ անցուց Աբիսողոմ աղան։


— Վաղը առտու լույսը չճղքված ղրկե, որ կարդամ իմ անունս լրագրին մեջ։


— Իրիկվան դեմ կը ղրկեմ, վասնզի լրագիրս իրիկունները կը տպվի։


— Որչա՛փ ուրախ կըլլայի, թե ձեր վաղվան լրագիրն առտուն տպեիք... բայց վնաս չունի, իրիկվան թող ըլլա, բավական է, որ անունս խոշոր գիրերով գրվի։


— Այդ մասին հանգիստ եղե՛ք, վաղը իրիկուն անպատճառ կը ղրկեմ լրագիրն ընկալագրով։


— Ընկալագրո՞վ... տեղական թղթատարով պիտի ղրկեիք հապա... Ընկալագիրն n՞վ է, տունս գիտե՞...


— Ընկալագիրն թուղթ մէ, որուն մեջ կը գրեմ, «Ընկալա մեծապատիվ Աբիսողոմ աղայեն... լրագրո տարեկան բաժանորդագին մեկ ու կես ոսկի» և այդ թուղթը ձեզի կը հանձնեմ, որով տարի մը իրավունք կ՝ունենաք իմ լրագիրս ընդունելու։


— Տարի մը շարունակ պիտի գրե՞ք իմ անունս։


— Չէ, բայց դուք բաժանորդ պիտի ըլլաք իմ լրագրույս, մեկ ու կես ոսկի վճարելով ինձի։


— Մեկ ու կես ոսկի ... շատ է... երեք քառորդ ոսկի չբա՞վեր։


— Խմբագիքները բաժանորդագնույն վրա սակարկություն չեն ըներ...։