Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՍԸՄ ՓԱՇԱ

Երկաթյա դիմակ մը պետք է մարդուս այս թաղը պտտելու համար։ Փողոց մը մտա՞ր, նույն փողոցին մեջ բնակող կիներն ու աղջիկներն պատուհաններու առջև կը վազեն և քու գալդ տեսնելով իրարու հետ խոսիլ կսկսին.


— Տիկի՛ն, սա դիմացեն եկողը կը ճանչնա՞ս։


— Չեմ ճանչնար, բնավ տեսած չունիմ։


— Այս փողոցին մեջ մե՞կը կը փնտռե արդյոք։


— Ով գիտե։


— Վայելուչ երիտասարդ մէ։


— Ի՜նչ աղվոր մազեր ունի։


— Ասոր մազերուն աղվորությունն ալ ո՞ւր է, սատանա կը նմանի։


— Ապուշ—ապուշ նայվածք մալ ունի...


— Ասկից զատ օձիքին վրա ալ երկու մատ եղ կա, շոգենավի մեջ մեքենագո՞րծ է, ինչ է։


— Ոտքդ պագնեմ, ատ ի՞նչ մեծ ոտք ունի։


— Կամա՛ց խոսե, քա, կը մոտենա կոր։


— Թn՛ղ մոտենա։


— Աչքերն ալ պատուհաններուն վրա է։


— Աս ի՞նչ անշնորհք մարդ է։


Նույն փողոցեն ելա՞ր, խնդիրը կը սաստկանա, իգական սեռն անպատճառ և անպատճառ կուզե գիտնալ, թե ո՛վ ես դուն, թե մազերդ ինչո՛ւ աղվոր չեն և թե՝ օձիքիդ վրա ինչո՛ւ երկու մատ եղ ես դրած, և մինչև որ ասոնք չհասկնա՝ քունը չտանիր։