Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զավակ բերելնուն պես՝ սուրբ Մեսրոպին կը հանձնեն զանոնք, որ դաստիարակվին։ Թաղականները առաջին տարին ճիգ մը ըրին և դպրոցը քիչ շատ բարեկարգեցին. այս տարի հոգնություն կառնեն, որպեսզի գալ տարի նորեն սկսին գործելու։


Հոս կը բնակի պարոն Խ. Սարաճ, որ յուր թագակիցներուն ուսման փափագ ներշնչելու համար հոդվածներ կը հրատարակե Հայրենիքի մեջ և որոնց վերնագիր ընտրած է Դպրոց և ազատությունը. կերևի որ թաղեցին նախապատիվ կը սեպե այն գրություններն, որոնք իրենց գլուխն ունին Բագոսը: Այս երիտասարդն եկեղեցվո քով հիմնած է թանգարան մը, ուր երբեմն կը մտնե և փոշիները թոթվելով դուրս կելնե անկե այն հուսով, որ թաղին տղաները կարդալ սորվին և օր մը գան կարդան հոն։ Թող պարոն Սարաճ այս հուսով ինքզինքը խաբե։


Թաղիս փողոցները այնչափ նեղ են, որ մարդս անցած ժամանակը կը կարծե թե ֆորսե հագած է, շունչ առնելու համար նեղություն կզգա։


Տուներն այնչափ սիրով գրկած են զիրար, որ ո՛չ արևն և ո՛չ անձրևը կարող են իրենց ազդեցությունը ներգործել փողոց են անցնողներուն վրա։


Թաղային կռիվները պակաս չեն, և ամենամեծ քաջությտւն կը սեպվի հոս կռիվ հանելեն ետքը կանոնավոր կերպով ետ քաշվիլը։


Երբ օտարեն հարձակում մը տեղի ունենա՝ այրերը ետ կը՝ քաշվին և ասպարեզը կը մնա գեղեցիկ սեռին, որ գրեթե ամեն կռիվներու մեջ հաղթանակը կը տանի։


Զբոսանքի տեղ չկա. թաղեն քիչ մը հեռու կա Օգ Մեյտանիի դաշտը, ուր սերը միշտ կը պտըտի հոն հաճախողներուն մեջտեղը։


Փողոցներեն ճանճ մանգամ չանցնիր, վասնզի ան ալ դիտե, որ բամբասանքի պիտի ենթարկվի։


Գեղեցիկ սեռը աշխատասէր է, կար կը կարե, գիշերներն