Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՇԻՔԹԱՇ

Սըսսսթ... ձայն մի՛ հաներ, վերարկուդ կոճկե՛, ձեռներդ ալ ննջեցյալի մը պես կուրծքիդ վրա դի՛ր և բարև բռնե. աջ կողիդ մի՛ նայիր, ձախդ ալ մի’ դառնար, գլուխդ վեր մի՛ բռներ. վար ալ մի՛ բռներ. ետևդ մի՛ նայիր, առջևդ ալ մի՛ նայիր, ահա ասոնք են իմ հրահանգներս Պեշիքթաշի մեջ քալելու համար, ասոնք են ահա այս թաղին փողոցի կանոնադրության հոդվածներն, որ մինչև ի վերաքննություն՝ Սահմանադրության հոդվածներու պես գործադրվելու են գոնե փողոցներու մեջ։ Իսկ եթե այս շրջանակը նեղ գտնես, ինչպես պատրիարքները Սահմանադրության շրջանակն, և անկե քիչ մը դուրս ելնել ուզես, ինչպես պատրիարքները Սահմանադրության շրջանակեն՝ խստապահանջ չեմ ըլլար և թույլ կուտամ քեզի, որ գոնե առջևդ նայիս, որ չիյնաս, վասնզի եթե իյնաս և երկու ոտներդ ալ կոտրես ոչ ոք կուդա ձեռներեդ բռնելու և քեզի օգնելու, դու քեզի օգնե, որ, կըսեն այս թաղին պարոնները, Աստված քեզի օգնե, և այն վիճակի մեջ թող կուտան զքեղ, որ Աստված քովդ գա, ձեռներեդ բռնե և Վեզիր խանը տանի զքեզ ոտներդ կապել տալու համար: Ժամանակավ ինքնօգնություն բառը չկար մեր ազգին մեջ, նույն իսկ ինքնօգնութեան հեղինակն անպատճառ Պեշիքթաշ բնակած ըլլալու է և հոն զգացած ըլլալու է այսպիսի գիրք մը հորինելու և հրատարակելու պետքը։ Արդ, առջևդ նայե՛, որ չիյնաս և ողջ առողջ ելնենք սա թաղեն։


Սա նեղ փողոցեն վեր ելնենք ու եկեղեցին մտնենք, վտանգի շատ թաղերու մեջ անպատճառ նեղ փողոցեն անցնելու է