Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խել յուր... յուր... լաթե՞րը... ո՛չ, յուր... գլուխը։ Այս թաղին մեջ կը բնակի Ութուճյան, Մասիսի խմբագրապետը, որ կարող է այդ վարժարաններու տնօրենությունն յուր վրա առնել և թաղին զավակներուն դաստիարակությանը աշխատիլ, սակայն կը վախնա խեղճն, որ ասանկ պաշտոնի մը գլուխ անցնելուն պես՝ քանի մը ամիսեն յուր տունը պիտի քարկոծեն. Պեշիքթաշցին ասոր փորձը տված է դժբախտաբար։ Ութուճյան այս քարկոծումեն չէր վախնար՝ եթե Մասիսի եկամուտը ներեր շաբաթը մեկ անգամ նոր ապակիներ անցունել յուր տանը պատուհաններուն։


Մասնավոր վարժարան մը կա հոս, որ աշակերտներուն Հայոց Պատմություն միայն կը կարդացունե։ Մեկ դասագիրքը երկու անգամ կր կարդացունե. աշակերտը զայն լմնցնելուն պես՝ Փափազյանի Հայոց Պատմություն մը կը տրվի իրեն աս ալ երեք անգամ կարդալեն ետքը Սուրենյանը կը կարդա. ասոնց կը հաջորդեն մյուս Հայոց Պատմությունները, զորս երեքական անգամ կը կարդա իրարու ետև։ Աստված քառասուն տեսակ Հայոց Պատմություն տված ըլլալով մեզի՝ խեղճ աշակերտները դեռ չկրցին անոնց ամենը կարդալ լմնցնել, որ մենք ալ տեսնեինք, թե այս դասատուն Հայոց Պատմությունեն վերջը ի՛նչ դասագիրք պիտի տա աշակերտներուն։ Այս դասատուն, կըսեն, միայն քանի մը հարուստ ծնողներ կը հրավիրե քննության։


Պեշիքթաշի մեջ մաս մը կա, որ վաճառականությամբ կամ արհեստով կապրի, մաս մալ կա, որ չգիտցվիր ինչպես կապրի, մաս մալ կա, որ պարտք դիզելով կապրի, մաս մալ կա, որ շաբաթականով կամ ամսականով կապրի: Այս ամենեն մեծ մասն է, որ մեծ վարժություն ըրած է գետինը ծռելով գետնեն... բան մը առնելու... ո՛չ, գետնեն բարև առնելու և տալու։ Այս մասին բերանեն բնավ չպակսիր սիկառան և ծառա եմը: Եթե օր մը հարյուր անգամ ծառա եմ չըսե՝ հետևյալ օրը պաշտոնեն կը հանվի։ Այս խեղճերը պաշտոնե չզրկվելու համար վարժապետի մը երգ մը շինել տված են ծառա եմ նաքարաթով և ամեն իրիկուն սեղանը չնստած