Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ երգը կերգեն։ Միջագյուղ ալ կերգեն նույն երգը Շիրքեթի Քայրիյեյի մեջ պաշտոն վարող երիտասարդներն, որոնք Միջագյուղի ազգայիններուն կեսը կը կազմեն։


Ով որ այս թաղը կերթա՝ պարտավոր է արատ հանող փոշիեն քիչ մը հետը տանելու, վասնզի քիչ մարդ կա, որ այս թաղը մտած ըլլա և վրան արատ քսված չըլլա. հոս արատն առատ է։


Անցյալ դարե մնացած փաստաբաններ կը գտնվին հոս և որոնք Աստուծո վերաբերյալ դատերը կը փաստաբանեն։ Ասոնք ժողովրդյան կողմե վավերացված փաստաբաններ ըլլալով՝ Պեշիքթաշի ճարտասանները կը համարվին։


Աղաչելու և պաղատելու այնքան վարժված են, որ երբ այդ խղճուկ բարևներով դեմդ ելնեն՝ կստիպվիս կամ պաշտոն մը կամ քսակդ անոնց տալ, ասոնք երբ ուղեն՝ իրենց աչերեն արտասուք ալ կը հանեն։


Երիտասարդություն՝ չկա հոս. երբ ազգային խնդրո մը համար խորհրդակցիլ հարկ ըլլա՝ Սամաթիայեն կամ ուրիշ թաղեն մարդ կը կանչեն. իսկ եթե թաղն տեղեն առնես տանիս՝ ժողովուրդը ձայն չհաներ. այնքան խաղաղասեր է։


Ինքզինքն ազնվական կարծող մասն առանց գինետուն կամ նպարավաճառի մը խանութը հանդիպելու շիտակ տուն կերթա. իսկ մնացած մասերը գինետուն ալ կերթան, զբոսարան ալ և նարտ կամ թուղթ կը խաղան կիրակի օրերը մինչև երեկո։ Ոմանք ալ գիշերները մեյ մեկ տուն հավաքվելով բրեֆա կը խաղան։


Ասոնք, երբ փողոցի մեջ գտնվին՝ իրենց բարեկամը չտեսնելու կը զարնեն և բարև տալու կը վախնան, որ չըլլա թե իրենց բարեկամին խահվե մը հրամ ընելով քսան փարա վատնեն։


Ընկերականությունն հոս այն չափ հառաջ գացած է, որ երկու դրացի զիրար չեն ճանչնար և միջագյուղցիին կը հարցնեն, թե ով իրենց քովի տունը նստող ընտանիքն։


Պեշիքթաշցին այն աստիճան քաջասիրտ է, որ չորս պեշիքթաշցի կարող է մեկ մուկի դեմ կռվելու։ Ամեն անգամ որ