Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ութը տուն, մեկ եկեղեցի, մեկ նախակրթարան, մեկ ուսումնարան և աղջիկներու վարժարան մը։ Հիշյալ դպրոցներուն մեջ կան հարյուր երեսուն և ութ աշակերտ և ութսունը չորս աշակերտուհի կամ աշակերտանուշ կամ աշակերտադուխտ: Վեց տարեկանեն վեր աշակերտ կամ աշակերտուհի չնդունվիր, վասնզի այս տարիքին մեջ հոն կը սորվին հայերեն, տաճկերեն, ֆրանսերեն, անգղիերեն, գերմաներեն, սլավերեն. եբրայերեն, թվաբանություն, տրամաբանություն, պատմություն, աշխարհագրություն, կրոնագիտություն, գծագրություն, երաժշտություն, բնագիտություն, քիմիաբանություն, փիլիսոփայություն, մարմնամարզություն, հոգեմարզություն, հոս ընթերցանությունը իրենց մորն արգանդին մեջ կուսանին: Թաղեցին յուր վարժարաններուն այս հրաշալի հառաջադիմությունն պարտավոր է Ուսումնական Խորհրդույն, որ բնավ հոգ չըներ նույնիսկ եթե աչերովն ալ տեսնե, որ մսավաճառ մը վարժարանի տնօրենություն կամ հոգաբարձություն կընե:


Ժողովուրդը մեծ մասամբ տգետ է, և տգիտությունն պաշտպանություն գտնելով՝ օր ըստ օրե հառաջ կերթա։ Եթե այս վարժարանին մեջ գիտության տեղ տգիտության դասեր ավանդվեին՝ առաջին կարգի վարժապետանոց մը կըլլար տգիտության։


Իրենց վիճաբանության եղանակին վրա թեթև գաղափար մը տալու համար՝ կը հրատարակենք հոս վիճաբանություն մը, որ երկու հոգվո մեջ տեղի ունեցած է.


— Բարեկա՛մ, այս տեսուչն մեր զավակներուն ապագան կըսպաննե։


— Ո՛չ, այս տեսուչն մեր զավակներուն ապագան կը շինե. երեկ լալըննի Ահմետ աղան վարժարաններու այցելություն մը ընելով՝ շատ գոհացուցիչ գտեր է զանոնք։


— Բայց երեկ պոզաճի Տիմիթբոն կը պնդեր, թե այդ մարդն այդ պաշտոնին մարդը չէ։


— Սխալ է, պոզանին կիրք ունի մեր տեսուչին դեմ, որ իրիկունները պոզա չխմեր։