Jump to content

Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խորհուրդ մը ընենք և սա տեսուչը փոխենք, մեղք է մեր զավակներուն։

— Ատանկ բան չըլլար, դուն քու նստած խանութիդ վարձքը չես կրնար վճարել և կելնես ազգային գործերուն մեջ կը մանես։

— Ես քեզի պես ուրիշին իրավունքը չեմ ուտեր, դուն ինձի աղեկ նայե՛։

— Բերանդ ժողվե՛, հիմա աթոռը գլխուդ կիջեցնեմ հա՛, անպիտա՛ն։

— Դուն ալ ասկե վերջը եկուր տե, մեր տունեն կնկանդ համար շապխա առ։

— Անցյալ շաբթու չէ՞ր որ եկար թանթալոնս առիր և Քարակեոմրյուք ուխտի գացիր։

— Բուկին ինչ վատ ըլլալդ ամեն մարդ գիտե։

— Վատը դու ես...

Ծեծկվուքը կսկսի, ապտակ և կից փոխանակվիլ կսկսին:

Երրորդ մը կուգա և կը միջամտե...

— Բանթալոնի մը համար կը վայլե՞ որ...

— Վա՛տ ըսավ ինձի։

— (Ականջն ի վար) Դու ալ այդ ավանակին խոսքին կարևորություն մի՛ տար։

— Ան ալ ինձի անպիտան ըսավ։

— (Ականջն ի վար) Ամոթ է, այդ իշուն խոսքերուն կարևորությո՞ւն կուտաս։ (Բարձր) Հաշտ վեցէ՛ք, եղբայր եք դուք.. բայց այս բանթալոնի խնդիրը ի՞նչպես ծագեցավ։

— Վարժարանի վրա խոսք բացվեցավ...

— Վարժարանին բանթալոնի պիտի հագցունեիք, ինչ պիտի ընեիք որ...

— Չէ՛, տեսուչը...

— Առնենք, եղբայր, առնենք, տեսուչին բանթալոն մը տողենք, ի՞նչ կ՛ըլլա եղեր։

— Չես հասկնար, եղբա՛յր, խնդիրը վարժարաններու վրա էր։

— Վարժարաններո՞ւ համար կը վիճաբանեիք։