Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԷՅՈԻՊ

էյուպի մեջ երկու սուրբ կա, որ իրարմե կես ժամու չափ հեռավորություն ունին։ Այս սուրբերեն միույն անունն է Աստվածածին և մյուսինը Եղիա։ Այսօր սուրբ Եղիայի էյուպի վրա պիտի խոսինք։


Այս թաղին մեջ բնավ սատանա չկա, գրեթե մեծ մասամբ աղավնիի պես միամիտ են։ Ժողովուրդը պահպանողական ըլլալող քայլ մը հառաջ գնացած չէ այն վիճակեն, որուն մեջ ստեղծած է զինքն Աստված։ Այս թաղին մեջ պտըտողն ինքզինքն Ադամա ժամանակակից կը կարծե։


Հարյուր տասը հայ տուն կա հոս։ ժամանակավ երկու վարժարան ունեին, մին աղջիկներու և մյուսը մանչերու, իսկ հիմա այդ շենքերն այրած ըլլալով՝ աշակերտներու մեկ մասը տան մը մեջ կը խաղան և մեկ մասն ալ փողոցներու մեջ։ Աշխատող պզտիկ մաս մը կա, որ հանգանակությամբ վերաշինել կաշխատի թաղին վարժարանները։


Ժողովուրդն յուր զավակներուն դաստիարակությանը համար սիրտ չհատցուներ. եթե Աստված կամենա, կըսե, մեր զավակներն առանց վարժարան երթալու ալ կրնան ուսումնական ըլլալ:


Հոս ո՛չ ընկերություն կա և ո՛չ երիտասարդություն, այլ առանձնասիրություն և տղայություն կա, ամեն մարդ պարտավոր է յուր տունը քաշվիլ ու նստիլ, մեծ անիրավություն է դրացվույն տունն երթալ և մեկ երկու ժամ նստելով ժամանակ անցունելը։


Այս թաղին մեջ արհեստն ալ յուր օրորոցին մեջ է դեռ։