Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եվ ես վեհանձնաբար վարվեցա այս պարագային մեջ։


— Տարակույս չկա։


— Չվարվեցա այն խմբագիրներուն պես, որք օտարականի մը Պոլիս գալն իմանալուն պես՝ վազելով անոր տունը կերթան բաժանորդ գրելու համար։


— Այդ չվառականներն իրավունք չունին քու անձնականությունդ խծբծելու... դուն վստահ եղի՛ր ինձի...


— Շնորհակալ եմ ձեզմե. մնաք բարով, Աբիսողոմ աղա. օր մը մեր խմբագրատունը հրամմերեք խահվե մը խժելու։


— Շատ աղեկ. օր մը կուգամ։ Վաղվանին մեջ անցունելու չմոռնաք։


— Անհոգ եղեք։


Աբիսողոմ աղան և խմբագիրն բաժնվեցան իրարմե Բերայի քառուղվույն առջև, ուր հասած էին խոսելով։


Աբիսողոմ աղան առանձին մնալով սկսավ ճանբան շարունակել, ինքն իրեն հետևյալ խորհրդածություններն ընելով.


«Ես ինքզինքս չէի կարծեր այնչափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն. բայց հարկավ ան ինձմե աղեկ գիտե իմ որչափ մեծ ըլլալս, վասնզի խմբագիր մէ և ուսումնական է...։ Վաղը լրագրի մեջ իմ անունս տեսնողները անշուշտ իրար պիտի անցնին և հետաքրքրություն պիտի ունենան ինձի հետ տեսնվելու, վաղը պետք է որ կիրակի օրվան հագուստներս հագնիմ և ոսկիե ժամացույցս ու շղթաս ալ դնեմ, սպասավորներս ալ հետս բերելու էի. ո՞վ գիտեր...։ Ամեն մարդ պիտի իմանա վաղը, որ մեծ մարդ մը եկած է Կ. Պոլիս. ազնվախոհ, ազնվասիրտ, լեզվագետ, ուսումնական, դաստիարակյալ, կրթյալ և այլն մեկը, և յուրաքանչյուր կնիկ պիտի ըսե յուր էրկանը. «Մեր աղջիկը սա Աբիսողոմ աղային տանք»։ էրիկն ալ պիտի պատասխանե կնկանը. «Նայինք Աբիսողոմ աղան մեր աղջիկը կառնե՞, անիկա հարուստ տեղե մը աղջիկ առնել կուզե հարկավ։ Այս պատասխանին վրա էրկան և կնկան մեջ վեճ մը պիտի ծագի և իրարու գլուխ պիտի պատառեն. որո՞ւ հոգ...։ Անունիս լրագրին մեջ անցնիլն սա օգուտն պիտի ունենա, որ երկու օրվան մեջ